Դենիել Ֆրիդը Կոնգրեսին հորդորում է չընդունել Հայոց ցեղասպանության բանաձեւը

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը հինգշաբթի օրը Կոնգրեսին կոչ է արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:

Հանդես գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում անցկացված լսումներում` Ֆրիդը վստահեցրել է, թե ԱՄՆ-ի վարչակազմը «երբեք չի հերքել, ոչ էլ վիճարկել կամ նսեմացրել է այդ [Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1,5 միլիոն հայերի] զանգվածային կոտորածներին եւ էթնիկ զտումներին առնչվող պատմական փաստերը»: «Ամեն տարի նախագահը ուղերձ է հրապարակում ապրիլի 24-ին` Հայկական հիշատակի օրը», - ասել է նա:

«Մեր նպատակն է այդ ահավոր հարցի շուրջ թուրքական հասարակության շրջանում անկեղծ ուսումնասիրություն խթանելը` օգնելու համար Թուրքիային հաշտվել իր ցավագին անցյալի եւ Հայաստանի հետ», - ասել է Դենիել Ֆրիդը:

Կարծիք հայտնելով, թե Թուրքիան այդ հարցում «առաջընթաց է արձանագրում», Ֆրիդը որպես օրինակ մատնանշել է Թուրքիայի ավելի քան 100 հազար քաղաքացիների մասնակցությունը թուրք ծայրահեղ ազգայնականի կողմից սպանված` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հուղարկավորությանը. - «Քաղաքական ամբողջ սպեկտրի քաղաքական առաջնորդները, այդ թվում` նախագահը, վարչապետը եւ գլխավոր շտաբի պետը, դատապարտեցին այդ սպանությունը»:

«Մենք կարծում ենք, Ներկայացուցիչների պալատի [Հայոց ցեղասպանությունը ճանաչող] թիվ 106 բանաձեւը կլռեցնի այդ իրադարձությունների ճշմարտացի ուսումնասիրություն պահանջող ձայները Թուրքիայում», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան: