Ռամիլ Սաֆարովը բանտ է տեղափոխվել

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը քննչական մեկուսարանից տեղափոխվել է բանտ, որը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաքից 170 կիլոմետր հեռավորության վրա:

Ադրբեջանցի սպա Սաֆարովը, որը Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել է 2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտի քաղաքային դատարանի 2006 թվականի ապրիլի 13-ի դատավճռով ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ առաջին 30 տարին առանց ներման իրավունքի: Այս տարվա փետրվարի 22-ին Հունգարիայի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը:

Դատարանում Սաֆարովի ընտանիքի ներկայացուցիչ Իքրամ Շիրինովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ Սաֆարովի փաստաբան Կլարա Ֆիշերն այս շաբաթվա ընթացքում ծրագրում է բանտում հանդիպել իր պաշտպանյալի հետ:

Վերաքննիչ դատարանի վճիռը Սաֆարովի դատապաշտպաններին դեռեւս չի տրամադրվել, եւ այն ստանալուց հետո նրանք մտադիր են վճռաբեկ գանգատ ներկայացնել Հունգարիայի գերագույն դատարան: