Մանվել Գրիգորյան. «ԵԿՄ-ն պաշտպանելու է բոլոր երկրապահներին»

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի օրը հայտարարեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած միությունը պաշտպանելու է բոլոր երկրապահներին` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ցուցակում են ընդգրկված:

Դիտարկմանը, թե ԵԿՄ անդամներից շատերն են ընդգրկված ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, Գրիգորյանը բառացիորեն պատասխանեց. - «Ուրեմն մեծ մասն էլ իրան կպահի: Նայած` որտեղ երկրապահ կա, այնտեղ էլ կպաշտպանենք. կապ չունի` դաշնակ ա, հնչակ ա, մեր համար ի՞նչ կապ ունի: Որտեղ երկրապահ կա, մենք մեր պարտականությունը պիտի կատարենք»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` հավատո՞ւմ է արդյոք ազատ եւ արդար ընտրություններին, պաշտպանության փոխնախարարը արձագանքեց. - «Պրոֆեսիոնալներ շատ կան: Ինձ թվում է, կլինեն [կեղծիքներ]... Ամեն մարդ իր օգտին [կկեղծի]»:

Կեղծիքների դեպքում ԵԿՄ-ն, Մանվել Գրիգորյանի խոսքերով, հանրահավաքների չի մասնակցի: «Բայց», - հավելեց նա, - «հնարավորությունները կօգտագործենք, որ, ասենք, քիչ լինեն կեղծիքները, մեկ էլ` որտեղ երկրապահներ կան, կեղծիքներ չլինեն»:

Հարցին, թե ի՞նչ մեթոդներով է ԵԿՄ-ն պայքարելու կեղծիքների դեմ, Գրիգորյանը պատասխանեց. - «Համենայնդեպս` չենք տփի, չենք սպանի, կասենք: Կուլտուրական բառեր կասենք»:

Մանվել Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Եռաբլուրում, ուր ԵԿՄ-ի այլ ներկայացուցիչների հետ այցելել էր Վազգեն Սարգսյանի շիրիմին:

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր այսօր այցելել էին նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ (նախարար Սերժ Սարգսյանը այցով Մոսկվայում է), ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, այլ քաղաքական ու հասարակական գործիչներ:


Ռուզաննա Ստեփանյան