Հրանտ Դինքի մահվան քառասունքի արարողությունից հետո Ստամբուլի հայկական եկեղեցու մոտ կրակոց է հնչել

Կիրակի օրը կրակոց է հնչել Ստամբուլի Գումգաբու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու մոտ, երբ եկեղեցում նոր էր ավարտվել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան քառասունքի արարողությունը:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:15-ին՝ պատարագի ավարտից մոտ մեկ ժամ անց: Եկեղեցու քարտուղարի վկայությամբ, երկու երիտասարդ, արագորեն մտնելով եկեղեցու բակ, հրազենից օդ են կրակել եւ փախել: Տեղում նրանց բռնել չի հաջողվել:

Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունեանը, տեսախցիկներն արձանագրել էին այդ պահը, եւ տեսագրության օգնությամբ երեկ երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է նրանց:

Ձերբակալվածների անունները այսօր հրապարակել է «Հուրիեթ» թերթը: Նրանցից մեկը նախկինում նույնպես հարձակում էր գործել եկեղեցու վրա:

Ձերբակալվածներին տարել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:

Ոստիկանությանը ցուցմունք են տվել եկեղեցու քարտուղարն ու հոգեւոր սպասավորներից մեկը, որոնք ականատես են եղել դեպքին:

Արա Գոչունեանը փոխանցեց նաեւ, որ անվտանգության ծառայությունը Հայոց պատրիարքանի շուրջ խիստ վերահսկողություն է սահմանել:

Հրանտ Դինքի մահվան քառասունքի արարողությունը հանդիսապետել է Կ. Պոլսի հայոց պատիրարք Մեսրոպ Մութաֆյանը: Արարողությանը մասնակցել են Դինքի ընտանիքը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

53-ամյա Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան դիմաց:

Դինքի սպանության գործով մինչ օրս կալանված է 9 մարդ, բոլորն էլ՝ թուրք ծայրահեղ ազգայնականներ: Նրանցից 8-ը, այդ թվում սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող 17-ամյա Օգյուն Սամասթը, Տրապիզոնից են:

Դինքը ազգայնական շրջանակների վրդովմունքն էր հարուցում Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ցեղասպանություն որակելու համար: Նա քանիցս դատական հետապնդման էր ենթարկվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով, որով քրեական պատիժ է սահմանված «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա