Վախճանվել է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը

Այսօր կյանքի 56-րդ տարում հանկարծամահ է եղել Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը:

Ալեքսանդր Գրիգորյանը լրագրողական գործունեությունն սկսել է 1977 թվականին՝ Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» թերթում (հայերեն լեզվով): 1980 թվականին դարձել է ԽՍՀՄ-ի լրագրողների միության անդամ: 1980-1981 թվականներին զբաղեցրել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնը:

1986-1992 թվականներին Ալեքսանդր Գրիգորյանը որպես սեփական թղթակից աշխատել է ՏԱՍՍ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ Ադրբեջանում եւ Հայաստանում: 1993 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության տեղեկատվության բաժնի վարիչ: 1995-1997 թվականներին նա եղել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղարը, 1997 թվականից մինչեւ 2001 թվականի հուլիսը՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների գծով փորձագետ:

2001 թվականի օգոստոսից ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ալեքսանդր Գրիգորյանի ընտանիքին ցավակցական ուղերձ են հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ վարչապետ Անուշավան Դանիելյանը:

«Ալեքսանդր Գրիգորյանն իր ստեղծագործական ողջ կյանքը նվիրաբերել է Հայրենիքին, հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու գործին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ուղերձում: - «Մեծ է Ալեքսանդր Գրիգորյանի դերը Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական դաշտի, ազատ մամուլի ձեւավորման ու կայացման մեջ: Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից նա ակտիվորեն ներգրավվել է մեր ժողովրդի նվիրական իղձերի իրականացման գործում»։