Այսօր Թբիլիսիում կստորագրվի Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը

Այսօր Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կստորագրեն Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը:

Ադրբեջանի նախագահը Թբիլիսի է ժամանում այսօր: Նրան դիմավորելու է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, ապա Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում են ունենալու:

Թբիլիսիում՝ Քուռ գետի աջ ափին, Իլհամ Ալիեւի մասնակցությամբ տեղի է ունենալու նրա հոր՝ Հեյդար Ալիեւի պատվին հուշատախտակի բացման արարողությունը, որի ավարտին ելույթ են ունենալու գեղարվեստական խմբեր Վրաստանից ու Ադրբեջանից:

Իլհամ Ալիեւի այցելության առաջին մասն ավարտվելու է նրա պատվին կազմակերպվելիք ընդունելությամբ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Թբիլիսի է ժամանելու ցերեկը. նրան նույնպես օդանավակայանում դիմավորելու է Վրաստանի վարչապետը, ապա կայանալու է Վրաստանի նախագահի ու Թուրքիայի վարչապետի առաջին բանակցությունը:

Այնուհետեւ կայանալու է երեք երկրների ղեկավարների հանդիպումը: Եռակողմ բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է ստորագրել Կարս - Ախալքալակ - Բաքու - Թբիլիսի երկաթգծի կառուցման համաձայնագիրը:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո երեք երկրների ղեկավարները մարզադաշտում հետեւելու են Վրաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպմանը:

Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու նախագծի վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը չի փոխվել՝
Հայաստանը բացասաբար է վերաբերվում երկիրը շրջանցող երկաթգծի կառուցմանը:

ԱՄՆ-ի Կոնգրեսը արգելել է ամերիկյան կառավարությանը ֆինանսական օժանդակություն տրամադրել Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկթգծի կառուցմանը:


Հրաչ Մելքումյան, Պրահա