Իլհամ Ալիեւ. «Հայաստանը պետք է հասկանա, որ մենք երբեք չենք համաձայնի այդ տարածքի անկախությանը»

«Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը», - ֆրանսիական «Ֆիգարո» թերթին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ վստահեցնելով, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին «հնարավորինս լայն ինքնավարություն» կտա:

Հարցին, թե որքանով է իրական պատերազմի միջոցով հակամարտությունը լուծելու հնարավորությունը, Ալիեւը պատասխանել է. - «Ակնհայտորեն, մեր տնտեսական կշիռն ու քաղաքական հեղինակությունը մեզ մի օր հնարավորություն կտան մեր երկիրն ազատագրելու քայլեր ձեռնարկել: Մենք նախընտրում ենք, ամեն դեպքում, հակամարտությունը կարգավորել խաղաղ եղանակով` առանց պատերազմ սանձազերծելու»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը «Ֆիգարո»-ից մեջբերում է նաեւ կրտսեր Ալիեւի այս խոսքը. - «Անցյալ դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված, այսպես կոչված՝ հանրաքվեն սահմանադրության, բացարձակապես ապօրինի էր. Հայաստանը պետք է հասկանա, որ մենք երբեք չենք համաձայնի այդ տարածքի անկախությանը»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ֆրանսիական մեկ այլ` «Լը Մոնդ» թերթին տված հարցազրույցում Ալիեւը ասել է, որ իր երկրի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը թիվ մեկ խնդիրն է:

Ադրբեջանի նախագահը այսօր եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա: