Համանախագահները «կառուցողական» են գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցուցաբերած մոտեցումը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան` այսօր տարածած հայտարարությամբ գոհունակություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների ամփոփման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցուցաբերած կառուցողական մոտեցման առնչությամբ:

Անցած շաբաթասկզբին Մոսկվայում կայացած Վարդան Օսկանյան - Էլմար Մամեդյարով հանդիպման, իսկ այնուհետեւ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումների արդյունքներին նվիրված հայտարարությունում համանախագահները «բարձր են գնահատել իրենց բոլոր զրուցակիցների կողմից ներդրված ջանքերը»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարտականությունն է համանախագահների աջակցությամբ գտնել ղարաբաղյան հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորումը: Նախագահները վճռականորեն են պաշտպանում իրենց ազգային շահերը: Միեւնույն ժամանակ, նրանք հնարավորություն են ստեղծում, որպեսզի խաղաղության գործընթացը առաջ ընթանա», - ասված է հայտարարությունում:

Համանախագահները «քաջալերում են բոլոր կողմերին՝ զարգացնել բանակցությունների արդյունքում ձեռք բերված առաջընթացը եւ իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների, խրախուսում են վստահությունն ամրապնդելու շարունակական միջոցառումների իրականացումը եւ հրադադարի պահպանումը` վստահության եւ փոխըմբռնման մակարդակը կողմերի միջեւ բարձրացնելու համար»: