Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Արկադի Ղուկասյանի հետ

Տարածաշրջանային այցի շրջանակներում հինգշաբթի օրը Ստեփանակերտում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը դրական է գնահատել հանդիպումը:

«Հանդիպման մթնոլորտը հրաշալի էր, մենք երախտապարտ ենք Արկադի Ղուկասյանին», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ասել է ռուսաստանցի դիվանագետը: - «Մենք մեծապես պարտական ենք նախագահին. վաղուց չէր հաջողվում նման կազմով գալ այդտեղ` կարծիքներ փոխանակելու: Քննարկեցինք կարգավորման ներկա վիճակը, հեռանկարները: Մենք ձգտում էին մի շարք հարցերի գծով հասնել միասնական կարծիքի: Հարկ է նշել, որ այդպիսի միասնական կարծիք կա»:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշել է, որ Արկադի Ղուկասյանի դիրքորոշումը «կառուցողական էր եւ նույնիսկ ստեղծագործական»:

Արկադի Ղուկասյանը, ըստ մի շարք լրատվամիջոցների, իր հերթին, ասել է, որ համանախագահները աշխատում են կառուցողական ձեւով, սակայն ամեն ինչ չէ, որ իրենցից է կախված. - «Նրանք պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Ադրբեջանի դիրքորոշման հետ, որը, իմ կարծիքով, շարունակում է մնալ ոչ կառուցողական»:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, անդրադառնալով Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հայտարարությանը, թե Եվրամիություն կարող է ուղիղ կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ, նշել է, որ բանակցային գործընթացը ընթանում է միայն ԵԱՀԿ-ի շրջանակներում:

«Եվրամիությունն այլ միջոցներ ունի, օրինակ, հարեւանության քաղաքականությունը: Եվրամիությունը կարող է աջակցել կարգավորման գործընթացին, բայց չի կարող մասնակցել բանակցություններին», - ասել է Ֆասիեն: