Մամուլի տեսություն

Երեկ Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին՝ խնդրելով ներկայացնել Գագիկ Ծառուկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մասին իր կողմից արված հայտարարության հետ կապված մանրամասներ: Արտաշես Գեղամյանը, «Հայկական ժամանակ»-ից տեղեկանալով գլխավոր դատախազության դիմումի մասին, ասել է. - «Այդ աչքալուսանքը (գրությունը) դեռ չեմ ստացել: Վավերագրական լենտի վրա է տրված (իր հայտարարությունն ապացուցող փաստերը). ես այդ նյութերը կուղարկեմ, եւ եթե լրացուցիչ հարցեր հուզեն մեր դատախազությանը, պատրաստ եմ համագործակցել»:

«Գեղամյանի ապագան Քոչարյանի ձեռքում է» խորագրի ներքո «Տարեգիր» շաբաթաթերթը պարզաբանում է. - «Բանն այն է, որ որոշ, այսպես կոչված, ընդդիմադիր գործիչների համար իշխանություններին հաթաթա տալն այլ բան չէ, քան իշխանական սցենարի բաղկացուցիչ մաս»: Արտաշես Գեղամյանի՝ օրերս կատարած հայտարարությանն անդրադառնալուց հետո հոդվածագիրը եզրակացնում է. - «Գեղամյան քաղաքական գործիչն այժմ զբաղված է 2007-ի խորհրդարանը իշխանության ցանկալի ընդդիմադիրներով ապահովելու բավական անշնորհակալ գործով: ԱՄ ղեկավարին բացահայտ ասվել է. եթե առաջադրանքը պատվով կատարես, քաղաքական ապագադ փրկված է ու ապահովված է անխռով մուտքդ խորհրդարան»:

Պնդելով, որ «հենց այս օրերին է մեծապես նախորոշվում խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը»` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր փաստել է. - «Ներկայումս խորհրդարանական մանդատների փոքրիշատե ակներեւ բոլոր հավակնորդները զբաղված են նրանով, որ հող են շոշափում հրապարակային եւ սքողված դաշինքների ու հակադաշինքների համար։ Դա չնչին առարկություն անգամ չէր հարուցի, եթե քննարկվող դաշինքները լինեին քաղաքական, ստեղծված հասարակական կարեւորության ինչ-որ նպատակներով։ Բայց ողջ խնդիրն այն է, որ դաշինքները մեզանում ձեւավորում են միանգամայն այլ մտադրություններով»: «Գործնականում յուրաքանչյուրի հետ եւ հնարավոր բոլոր տարբերակներով միավորվելու պատրաստակամությունը կարող է նշանակել միայն մեկ բան. անվանումների ողջ բազմազանությամբ հանդերձ, հայրենի քաղաքական ուժերն ու գործիչները համակված են մեն-միակ գաղափարով՝ ամեն գնով մտնել խորհրդարան։ Քանզի եթե նրանք այլ գաղափարներ ունենային, ապա խոսակցությունները հնարավոր դաշինքների մասին անհամեմատ ավելի քիչ կլինեին», - եզրակացրել է խմբագիրը:

«Ընտրական օրենսգրքի որակը թեեւ լավանում է, բայց ընտրություններն ավելի են որակազրկվում», - ասել է Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը «Հայք» օրաթերթին տված հարցազրույցում: Նա հայտնել է, որ իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին՝ պատկառելի ցուցակով, որում ընդգրկված թեկնածուների մի մասին հասարակությունը լավ ճանաչում է:


Ատոմ Մարգարյան