Սերբիայի արմատականները հաղթել են խորհրդարանական ընտրություններում

Սերբիայի ծայրահեղ ազգայնական Արմատական կուսակցությունը հաղթել է կիրակի օրը երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում, սակայն ժողովրդավարական ուժերը իրենց միջեւ տարաձայնությունները հաղթահարելու դեպքում կարող են ստանալ բավարար տեղեր՝ կառավարություն ձեւավորելու համար:

CNN-ի հաղորդման համաձայն, Արմատական կուսակցությունը, որը պաշտպանում էր Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին եւ խստիվ ընդդիմանում է Կոսովոյի անկախացմանը, ընտրությունների ժամանակ ստացել է քվեների 28,3 տոկոսը, ինչը սակայն, ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, բավարար չէ միայնակ կառավարություն կազմելու համար:

Քվեների 70 տոկոսի հաշվարկից հետո Սերբիայի նախագահ Բորիս Տաջիչի Դեմոկրատական կուսակցությունը, որը վայելում է Արեւմուտքի աջակցությունը, 22,6 տոկոսով երկրորդ տեղում է, իսկ վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի աջ-կենտրոնամետ «Ժողովրդական կոալիցիան» երրորդ տեղում է՝ 16,3 տոկոս:

Ընտրություններից հետո նախատեսվում է Կոսովոյի ապագայի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի հրապարակումը:

Տաջիչը եւ Կոշտունիցան հանդես են գալիս Կոսովոն Սերբիայի կազմում թողնելու օգտին՝ տարածաշրջանում մեծամասնություն կազմող ալբանացիներին լայն ինքնավարություն առաջարկելով: Ի տարբերություն արմատականների՝ երկրի նախագահը եւ վարչապետը խոստանում են Կոսովոյի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: