Ռուսաստանի դեսպանը վերադառնում է Թբիլիսի

Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որն աշնանը հետ էր կանչվել ռուս֊-վրացական հարաբերությունների կտրուկ սրման հետեւանքով, վերադառնում է Թբիլիսի:

Դեսպանը եւ դեսպանատան անձնակազմը Մոսկվա էին տեղափոխվել այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները ձերբակալել էին ռուսաստանցի 5 զինվորականի, որոնք մեղադրվում էին լրտեսության մեջ:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ այսօր դեսպանին ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ասել է, թե անցած տարի Վրաստանի նախագահի հետ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար:

«Առաջին էական քայլն արվեց դեկտեմբերին, երբ մենք ստորագրեցինք ռուսաստանյան գազը Վրաստանին մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը: Կողմերը պարտավորություններ են ստանձնել, եւ Ռուսաստանը դրանք կատարում է»:

Այս տարվանից Ռուսաստանը մոտ երկու անգամ ավելացրել է Վրաստանին վաճառվող գազի սակագինը: