Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Փետրվարին կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Գերմանիա: Ինչպես հայտնել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Պեր Ստանկինան, Ալիեւին կուղեկցի «ներկայացուցչական տնտեսական պատվիրակություն»:

Դեսպանը «Թրենդ» գործակալությանը ասել է, թե Ադրբեջանը ամենակայուն երկիրն է Հարավային Կովկասում, եւ Գերմանիան մեծ հետաքրքրություն ունի այդ պետության հանդեպ:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականին գերմանացի դեսպանը ասել է, թե Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղին «Ասիայի համար նոր միջանցք կդառնա դեպի Եվրոպա»:

Պեր Ստանկինան կարեւորել է այդ նախագիծը դրան մասնակցող բոլոր երկրների համար եւ վստահեցրել, որ ՏՐԱՍԵԿԱ-ն երբեք չի առարկի դրա դեմ:

Նախագծի ֆինանսավորումից Եվրամիության հրաժարվելը գերմանացի դիվանագետը բացատրել է նրանով, որ նման նախագծերը թանկ են նստում, եւ կազմակերպությունը «չի կարողացել միջոցներ հատկացնել»:

Միաժամանակ, նա չի բացառել հետագայում միջազգային կազմակերպությունների կողմից նախագծի ֆինանսավորման հնարավորությունը:

Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագիծը գնահատվում է 422 միլիոն դոլար, իսկ ուղեկցող ինֆրակառուցվածքների հաշվառմամբ՝ 600 միլիոն դոլար: