Ֆրանսիայի իշխող կուսակցությունը երկրի նախագահի միասնական թեկնածու հռչակեց Նիկոլա Սարկոզիին

Ֆրանսիայի իշխող «Ժողովրդական շարժում միավորում» (UMP) կուսակցության՝ կիրակի երեկոյան Փարիզում կայացած համագումարի պատվիրակները երկրի նախագահի միասնական թեկնածու հռչակեցին ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզիին:

Մի քանի շաբաթ տեւած ներկուսակցական էլեկտրոնային քվեարկության արդյունքներով Սարկոզին դարձավ ֆրանսիացի աջերի միանձնյա առաջատարը` ապրիլի 22-ի նախագահական ընտրությունների շեմին:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ քաղաքական դաշտի աջ հատվածում միայն Սարկոզին է, որը ի վիճակի է անցնել ընտրությունների երկրորդ փուլ:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Սարկոզիից ֆրանսահայերը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը պատասխանեց. - «Սարկոզիի քաղաքական մի դիրքորոշումը ֆրանսահայերին դուր է գալիս. Նիկոլա Սարկոզին բացարձակապես դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը»:

Ընդհանուր առմամբ, սակայն, ըստ Հիլդա Չոբոյանի, Ֆրանսիայի հայազգի քաղաքացիները առայժմ սպասողական վիճակում են. - «Ֆրանսահայերը ուզում են իմանալ, թե մյուս թեկնածուները, մասնավորաբար՝ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Սեգոլեն Ռուայալը, ի՞նչ դիրքորոշում պետք է արտահայտեն իրենց հուզող մի շարք հարցերի շուրջ»:

Ըստ ֆրանսիացի վերլուծաբանների` առաջիկա նախագահական ընտրությունները հազիվ թե ավարտվեն մեկ փուլով:

Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ աջ թեկնածու Նիկոլա Սարկոզին եւ Սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված Սեգոլեն Ռուայալը ընտրվելու հավասար հնարավորություններ ունեն եւ, ըստ ամենայնի, կհանդիպեն ընտրությունների երկրորդ փուլում` մայիսի 6-ին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա