Միգել Անխել Մորատինոսը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին կներկայացնի իր ծրագրերը

2007 թվականին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը այսօր Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին կներկայացնի առաջիկա մեկ տարվա իր ծրագրերը եւ նախանշած առաջնահերթությունները:

Նախորդ տարեվերջին Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելելուց հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան Մադրիդում հանդիպել էին Մորատինոսի հետ ու
տեղեկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մանրամասների մասին: Հանդիպման մասնակիցները կարծիքներ էին փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի շուրջ:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը տարեվերջին տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելուց հետո Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը ծրագրում է այցելել Հարավային Կովկաս:

«Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում ելնելու ենք առկա արդյունքներից եւ նախաձեռնություններից», - իր նոր պաշտոնը ստանձնելուց առաջ հայտարարել էր Իսպանիայի արտգործնախարարը:

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Մորատինոսը նշել էր, թե Իսպանիան այդ հարցերին վերաբերվելու է «համեստ եւ փոխզիջումային» կերպով, եւ թե աշխատելու են այն արդյունքների հիման վրա, որոնք արդեն առկա են տվյալ բնագավառում:

ԵԱՀԿ-ի նախկին նախագահող՝ Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը եւս իր նախագահության առաջին ամսում այցելել էր Հարավային Կովկաս:


Հովհաննես Շողիկյան, Պրահա