Ամերիկահայ կազմակերպությունները տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ են որդեգրել դեսպան Հոգլանդի թեկնածության վերաբերյալ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պնդում է, որ ինտերնետով հարցված ամերիկահայերի 97 տոկոսը ընդդիմանում է Ռիչարդ Հոգլանդի նշանակմանը Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանի պաշտոնում, ինչը համահունչ է Հայ դատի դիրքորոշմանը: Մինչդեռ Ամերիկայի հայկական համագումարը աջակցում է Հոգլանդին:

Ամերիկայի արեւմտյան շրջանի Հայ դատի գրասենյակի անցկացված ինտերնետային հարցումը ցույց է տվել, որ 19 նահանգներում բնակվող ամերիկահայերի 94 տոկոսը «խստորեն», իսկ 3 տոկոսը՝ «ինչ-որ չափով» ընդդիմանում է Հոգլանդի նշանակմանը:

Այնինչ «Լոս Անջելես Թայմս» թերթը գրում է. - «Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ, չնայած դեմ է վարչակազմի քաղաքականությանը, սատարելու է Հոգլանդին»:

Հոգլանդի թեկնածությունը մերժվեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այն բանից հետո, երբ դեսպանի թեկնածուն հրաժարվեց ցեղասպանություն անվանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարվածը: