Անցած ամանորի տոներին գրանցվել է հրդեհի 65 դեպք

2007-ի ամանորյան տոները համեմատաբար խաղաղ են անցել. պաշտոնյաների հավաստմամբ, գրանցվել է ընդամենը 65 հրդեհի դեպք` անցած տարվա 101-ի դիմաց:

«Մեծ մասամբ, դրանք մանր հրդեհներ են», - երկուշաբթի օրը ասաց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը: - «Բայց ունենք դեպքեր, որտեղ կորուստներ ենք ունեցել... Հունվարի 1-ին Ավան համայնքում հրդեհի հետեւանքով զոհվել է 1959 թվականին ծնված Նատալյա Օլեյնյուկը»:

2007 թվականի հունվարի 1-ից մինչեւ 7-ը գրանցված 27 ճանապարհատրանսպորտային պատահարներում զոհվել է 3 մարդ, մարմնական վնասվածք են ստացել 37 մարդ:

«Դեպքերի 90 տոկոսում մարդկային գործոնն է», - կարծիք հայտնեց Նիկոլայ Գրիգորյանը: - «Գլխավոր դերը այստեղ կատարում է այն մտայնությունը, որ մարդիկ մտածում են, որ դա իրենց հետ չի պատահի: Որ դա կարող է ուրիշի հետ պատահել: Իսկ անվտանգության հարցերում մանրուքներ չկան»:


Տաթեւիկ Լազարյան