«Գազպրոմ»-ը չկարողացավ համաձայնության գալ Բելառուսի հետ

«Գազպրոմ»-ը չկարողացավ համաձայնության գալ Բելառուսի հետ: Այդ մասին նախօրեին հայտարարել է ռուսական ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Մոսկվայում բելառուս պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմ»-ը ներկայացրել է մի շարք փոխզիջումային առաջարկներ, սակայն համաձայնության եզրեր այդպես էլ չեն գտնվել, եւ ռուսական ընկերությունը պատրաստ է արդեն հունվարի 1-ից դադարեցնել գազի մատակարարումը Բելառուսին:

Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, թե ընկերությունն ընդառաջել է Բելառուսին 2007 թվականին գազ մատակարարելու հետ կապված բոլոր հարցերում:

«Ժամանակը շատ արագ է անցնում: Տարեվերջ է, իսկ մենք դեռ որեւէ պայմանագիր չենք ստորագրել: Եվ, մեր կարծիքով, դրա ստորագրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է բելառուսական կողմի վրա, քանի որ «Գազպրոմ»-ը եւ ընդհանրապես Ռուսաստանն ընդառաջել են գազին վերաբերող բոլոր հարցերում», - ասել է Միլլերը: - «Կարծում ենք, որ մեր առաջարկած պայմաններն ավելի քան ընդունելի են»:

Միլլերի խոսքերով, ավելի արտոնյալ պայմաններ, քան առաջարկվել են Բելառուսին, այսօր չկան նախկին Խորհրդային Միության որեւէ այլ երկրի համար: Ըստ նրա, այսօր Բելառուսին մատակարարվող գազի համար նույնիսկ արտահանման տուրք չի գանձվում, հակառակ դեպքում գազի սակագինը կկազմեր 260 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

«Գազպրոմ»-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել գազի դիմաց վերցնել գումարի մի մասը, իսկ մնացածի փոխարեն ստանալ «Բելտրանսգազ» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Ըստ Սերգեյ Կուպրիյանովի, ընկերությունը պատրաստ էր նույնիսկ չորս տարով սահմանել 1000 խորանարդ մետրի դիմաց 110 դոլար անփոփոխ սակագին:

Այդուհանդերձ, Կուպրիյանովը հայտարարել է, թե բանակցությունները Բելառուսի հետ կարող են շարունակվել:


Հովհաննես Շողիկյան, Պրահա