Թուրքմենստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 11-ին

Թուրքմենստանի Ժողովրդական խորհուրդը այսօր որոշում է ընդունել երկրի նախագահական ընտրությունները 2007 թվականի փետրվարի 11-ին անցկացնելու մասին:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, Ժողովրդական խորհրդի բոլոր 2500 պատվիրակները միաձայն քվեարկել են որոշման օգտին:

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուրադ Քարիեւը վստահեցրել է, թե «ընտրությունները համապատասխանելու են ամենաբարձր չափանիշներին»:

Թուրքմենստանի վտարանդի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնության են գալու միասնական թեկնածության շուրջ:

Ընդդիմությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին օժանդակել՝ ապահովելու համար, որ թուրքմենական իշխանությունները կազմակերպեն ժողովրդավարական ընտրություններ, որոնց ընդդիմությունը կարողանա մասնակցել եւ որոնց կհետեւեն միջազգային դիտորդները:

Թուրքմենստանի իշխանությունները, մինչդեռ, զգուշացրել են, թե վտարանդի ընդդիմության ներկայացուցիչները կձերբակալվեն երկիր ժամանելուն պես: