Երթի մասնակիցները պահանջեցին ազատ արձակել Սեֆիլյանին ու Մալխասյանին

Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող, սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանին ազատ արձակելու պահանջով ուրբաթ օրը Երեւանում անցկացված երթին մասնակցեց շուրջ 200 մարդ:

Երթի մասնակիցները Մերգելյան պուրակից ուղեւորվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքը, այնտեղից` Հանրապետության հրապարակ:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Սեֆիլյանին ու Մալխասյանին կալանքի տակ են պահում «ոչ թե քննության շահերից ելնելով, այլ կազմակերպության անդամներին վախեցնելու նպատակով»:

«Հիմնական նպատակը Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին անհապաղ ազատ արձակելու պահանջը հնչեցնելն է` հնարավորինս կազմակերպված եւ վճռական ձեւով», - երթի նպատակը ձեւակերպեց Աղայանը: - «Պահանջը ակնհայտորեն անմիջապես չի ընդունվելու, բայց կարծում եմ, ի վերջո, այս ամեն ինչը [իշխանությունները] հաշվի են առնելու իրենց հետագա գործողություններում»:

Երթին մասնակցում էին «Քաղաքացիական անհնազանդություն» նախաձեռնության, «Հայրենիք ու պատիվ», «Նոր ժամանակներ» կուսակցությունների, տարբեր հասարակական կազմակերպությունների ու մտավորականության ներկայացուցիչներ:

Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանը եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանը ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին` զինված ճանապարհով իշխանափոխություն նախապատրաստելու կասկածանքով: Դեկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանը երկու ամսով կալանելու մասին:


Էրիկ Ղազարյան