Ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողները արդարացվեցին

Ուրբաթ օրը Վճռաբեկ դատարանի վճռով արդարացվեցին նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել երկու զինծառայողի սպանության մեղադրանքով:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտել էր 15-ական տարվա ազատազրկման Մատաղիսի զորամասի զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեղադրանքով: Մկրտումյանն ու Եղիազարյանը զորամասից անհետացել էին 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ 15 օր անց հայտնաբերվել էին նրանց դիակները:

Դատապարտյալների փաստաբանները դիմել էին վերաքննիչ դատարան, որը, սակայն, խստացրել էր վճիռը` սահմանելով ցմահ ազատազրկում:

Վճռաբեկ դատարանը այսօր որոշեց բեկանել առաջին եւ վերաքննիչ ատյանի դատարանների որոշումները եւ գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Շուրջ երեք տարի ազատազրկման մեջ մնալուց հետո այսօր 21-ամյա Սարգսյանը, Սերոբյանը եւ Զալյանը, ովքեր շարունակ պնդում էին, որ մեղավոր չեն, այսօր դուրս եկան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Հայաստանի նախկին զինդատախազ, այսօր արդարացված զինծառայողներին ժամանակին մեղադրանք ներկայացրած Գագիկ Ջհանգիրյանը մինչեւ դատարանի վճռի հրապարակումը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ այժմ էլ համոզված է, որ սպանությունները կատարել են այս երեք նախկին զինծառայողները: Իսկ որոշման հրապարակումից հետո Ջհանգիրյանը արդեն չցանկացավ պատասխանել հարցերին:

Դատարանի որոշման հրապարակումից մոտ երկու ժամ անց արդարացված զինծառայողները, որոնք ներկա չէին նիստին, ազատ արձակվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Նրանց փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սա «ոչ թե փաստաբանների, այլ ողջ հասարակության հաղթանակն է»:


Ռուզաննա Ստեփանյան