Վարդան Օսկանյան. «Կփորձեմ մնալ քաղաքականության մեջ»

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հերքելով մամուլում տեղ գտած հրապարակումները, թե ինքը հոգնել է քաղաքականությունից, ասաց, որ փորձելու է մնալ քաղաքականության մեջ` չբացառելով նաեւ իր անդամակցությունը որեւէ քաղաքական ուժի:

«Ոչ հոգնել եմ եւ ոչ էլ ուզում եմ քաղաքականությունից դուրս գալ» , - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտգործնախարարը: - «Կարծում եմ, որ ես համենայն դեպս անելիքներ ունեմ Հայաստանում: Կփորձեմ մնալ քաղաքականության մեջ (որովհետեւ երբեմն ցանկությունը եւ իրականությունը չեն համապատասխանում): Իմ ցանկությունն է՝ մնալ քաղաքականության մեջ, ներդրում ունենալ: Իսկ այդ քաղաքականության մեջ մնալը եւ իմ ցանկությունը ինչպիսի՞ դրսեւորումներ կունենան՝ դա, կարծում եմ, ժամանակը ցույց կտա»:

Հարցին, թե նպատակ ունի՞ անդամակցել որեւէ քաղաքական ուժի, արտգործնախարարը պատասխանեց. - «Դժվարանում եմ ասել: Այս պահի դրությամբ որեւէ կուսակցություն ինձ առաջարկություն չի արել, կամ ես որեւէ մեկին խնդրանք չեմ ներկայացրել: Այդ ուղղությամբ դեռեւս մտորումներս չեմ կենտրոնացրել: Դժվարանում եմ ասել, իսկապես, ժամանակ է պետք, տոները թող անցնեն, քաղաքական դաշտը մի քիչ ավելի հստակ կդառնա, դրանից հետո կարելի է որոշել՝ ինչպես կարելի է քաղաքական դաշտում ակտիվ մնալ»:

Մեկնաբանելով նախագահ Քոչարյանի հայտարարությունը, որ մինչեւ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները Ղարաբաղյան կարգավորման հարցով ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու` արտգործնախարարը ասաց. - «Նախագահը, ես կարծում եմ, նաեւ բացատրեց, թե ինչու ակտիվ բանակցություններ չեն լինի: Համենայն դեպս, պրոցեսը շարունակվելու է արտաքին գործերի նախարարների մակարդակով: Միգուցե հանդիպումները կլինեն ավելի նվազ: Հրապարակայնությունը միգուցե ավելի նվազ կլինի, բայց բովանդակության շուրջ բանակցությունները, ես կարծում եմ, կշարունակվեն: Նախագահը, կարծում եմ, բավական հստակ էր այդ մասով: Եթե հիշում եք, նա մի փոքր նախաբան արեց՝ մեր ընտրությունները, շահարկումները: Նույնիսկ անբարոյական համարեց Ղարաբաղի հարցի շահարկումը»:

Նախարարի կարծիքով, բանակցությունների պասիվացումը հրապարակայնության, ինչպես նաեւ հաճախականության առումով, ճիշտ է. - «Որովհետեւ ընտրական շրջան է, եւ ուշադրությունը ընտրությունների վրա է լինելու, բայց դրանից, ես կարծում եմ, բովանդակային առումով պրոցեսը չի տուժի»:

Ի պատասխան դիտարկմանը, թե ընդդիմությունն էլ իշխանություններին է մեղադրում Ղարաբաղի հարցը շահարկելու միջոցով իշխանությունը պահելու մեջ, Վարդան Օսկանյանը ասաց, որ Ղարաբաղի հարցը մեր համար այնքան կարեւոր խնդիր է, որ այն չպետք է շահարկվի ոչ ընդդիմության եւ ոչ էլ իշխանությունների կողմից. - «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ իշխանությունների կողմից նշույլ անգամ նման բան անելու չկա: Եթե նման արհեստական խոչընդոտներ դրվեն քաղաքական նպատակներով, դա այնպիսի մեծ վնաս կարող է բերել ե’ւ ժողովրդին, ե’ւ պետությանը, որ, իսկապես, դրա մասին նույնիսկ չի կարելի մտածել: Մեր կողմից միանշանակ է, որ մենք շարժվում ենք մեր ազգային շահերից, շարժվում ենք պրոցեսի տրամաբանությունից, շարժվում ենք առկա իրավիճակից: Բայց ընդդիմության դաշտը, որ նայում եք, իսկապես, հետաքրքրական իրավիճակ է: Ընդդիմության այն հատվածը, որը նախկինում շատ ավելի ընդառաջող է եղել զիջումների մասով, Պապից ավելի պապական դիրքորոշումներ են արտահայտում՝ ուղղակի իշխանություններին հակադրվելու համար»:

Արտգործնախարարի փոխանցմամբ, բանակցային գործընթացում այս պահին բնական դադար է. առջեւում տոներ են, եւ պետք է օգտագործել այդ տոնական շրջանը, քանի որ Մինսկում կայացած հանդիպումից հետո երկու կողմն էլ իսկապես խորհելու տեղ ունեն :

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ե՞րբ է նախատեսվում արտգործնախարարների հերթական հանդիպումը, Վարդան Օսկանյանն ասաց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մոտ ցանկություն կա, որ այդ հանդիպումը կայանա 2007 թվականի հունվարին, բայց կոնկրետ օր դեռ որոշված չէ:


Ռուզաննա Ստեփանյան