Այսօր լրացավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 18-րդ տարելիցը: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավանդաբար այս օրը այցելում է տասնյակ հազարավոր զոհեր տված Գյումրի:
Ժամը 11:41-ին Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ դրեց Անմեղ զոհերի հուշարձանին, ինչից հետո հայտարարվեց լռության րոպե: Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցվեց հոգեհանգստի պատարագ:
Պատարագի ավարտին երկրի նախագահը եւ նրան ուղեկցողները քայլերն ուղղեցին դեպի Գյումրիի կենտրոնական հրապարակ` ընկնելով շարքային գյումրեցիների հարցերի տարափի տակ: Մարդիկ ամեն տարի այս օրը օգտագործում են իրենց բողոքները երկրի նախագահի մոտ հնչեցնելու համար: Իրար հերթ չտալով` գյումրեցիները բարձրացնում էին հիմնականում սոցիալական հարցեր` բնակարանային խնդրին, ավանդների վերադարձմանը վերաբերող:
«18 տարի արդեն տնակների մեջ հաշմանդամ երեխա եմ պահում. հնարավոր չէ», - նախագահին դիմեց միջին տարիքի մի կին:
«Պարոն Քոչարյան, մենք 77 տարեկան մարդ ունենք, ավանդները չեն տալիս», - առաջին կնոջը ընհատելով` ասաց մեկ ուրիշը:
«Ընկեր Քոչարյան, շատ ենք խնդրում, օգնեք մեր հանրակացարանի հարցը լուծվի. այսպես չի լինի», - ասաց երրորդը:
Բոլոր հարցերին Ռոբերտ Քոչարյանը տալիս էր նույն պատասխանը` հարցը կքննվի` լուծում կտրվի, սպասեք:
Նախագահը Գյումրիում այցելեց միայն քաղաքապետարանի կառուցվող նոր շենքի շինհրապարակ եւ վերջերս բացված փակ լողավազան:
Շիրակի մարզպետարանի շենքում նախապես ծրագրված հանդիպումը լրագրողների հետ չկայացավ: Տեղի ունեցավ դռնփակ խորհրդակցություն, որի ավարտին նախագահը անպատասխան թողեց երկու ժամից ավելի իրեն սպասած գյումրեցիների հարցերը:
Գյումրիում հաշվառված է 6 հազարից ավելի տնակ: Այսօր, սակայն, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը հայտարարեց, թե քաղաքում կա 2000 տնակ, որոնցում «ապրում են հիմնականում անօթեւանները»:
Լրագրողների դիտարկմանը, թե տնակների թիվը, ըստ լրատվամիջոցների շատ ավելի մեծ է, Կարապետյանը արձագանքեց. - «Քաղաքապետարանը վերջին 6 տարվա ընթացքում քաղաքից հանել է մոտ 17 հազար տնակ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ առանձին զրույցում Հրայր Կարապետյանը ասաց, որ բացի 2000 տնակներում բնակվող անօթեւաններից, եւս 5000 տնակներում բնակվում են անօթեւանի կարգավիճակ չունեցող մարդիկ:
Սաթենիկ Վանցյան, Գյումրի