Բաթումիից մեկնեց ռուսաստանյան տեխնիկայով բեռնված այս տարվա վերջին գնացքը

Այսօր Բաթումիի ռուսաստանյան ռազմակայանից մեկնեց տեխնիկայով եւ գույքով բեռնված այս տարվա վերջին գնացքը, որն Ադրբեջանի տարածքով ուղեւորվելու է Ռուսաստան:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ի համաձայն՝ սա այս տարի Բաթումիից մեկնած 7-֊րդ գնացքն է: 5 գնացքով ռուսաստանյան ռազմամթերքը եւ տեխնիկան տեղափոխվել են Գյումրիի 102֊-րդ ռազմակայան, իսկ մեկով՝ Ռուսաստան:

Բաթումիի ռազմակայանից տեխնիկայի դուրսբերման գործընթացը կվերսկսվի հաջորդ տարի: Ռազմակայանը պետք է փակվի մինչեւ 2008 թվականի հոկտեմբերը:

Ախալքալակի ռազմակայանը փակվելու է 2007 թվականի աշնանը: Ողջ ծանր տեխնիկան եւ սպառազինությունը այնտեղից արդեն դուրս է բերվել, որոշ մասը տեղափոխվել է Հայաստան: