Գերմանիան եւ Ֆրանսիան մտադիր են առավել կոշտ դիրքորոշում որդեգրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելի խիստ պայմաններ ներկայացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններում: Նա ասել է, որ ոչ միայն կողմ է բանակցությունները մասամբ սառեցնելու Եվրահանձնաժողովի առաջարկին, այլեւ համոզված է, որ հարկ է էլ ավելի բարդացնել բանակցությունների վերսկսումը:

Գերմանիայի կառավարության խոսնակ Թոմաս Շթեգի փոխանցմամբ, կանցլերն ասել է, որ Թուրքիայի հանդեպ կարելի է կիրառել այսպես կոչված «վերանայման հոդվածը»:

DPA գործակալությունը նշում է, որ այդ դեպքում նույնիսկ եթե Անկարան բացի նավահանգիստները եւ օդանավակայանները Կիպրոսի համար՝ դա մեխանիկորեն չի հանգեցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների վերսկսման. դրա համար անհրաժեշտ կլինի բոլոր 27 երկրների հավանությունը: Այս պահին Եվրամիության անդամների թիվը 25 է, բայց հաջորդ տարվա հունվարի 1-ից Բուլղարիան եւ Ռումինիան արդեն կհամարվեն լիիրավ անդամ:

Այսօր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի եւ Լեհաստանի նախագահներ Ժակ Շիրակն ու Լեխ Կաչինսկին հանդիպելու են Մեթլախ գերմանական ավանում: Ենթադրվում է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները կանդրադառնան Թուրքիայի խնդրին: Շիրակը, հավանաբար, իր աջակցությունը կհայտնի Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումն ավելի կոշտացնելու՝ կանցլերի առաջարկին:

Եվրոպական որոշ երկրներ ավելի մեղմ մոտեցման կողմնակից են: Երեկ Հռոմից ստացված հաղորդագրության համաձայն, Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հետ զրույցում ասել է, թե «մասամբ դադարեցնելով բանակցությունները՝ այնուամենայնիվ, հարկ է Եվրոպական միության դուռը բաց պահել Թուրքիայի առջեւ»:

«Ռոյթերզ» գործակալությունը երեկ նշել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության աջակիցներն են, նախեւառաջ, Մեծ Բրիտանիան եւ Սկանդինավյան երկրները:


Արմեն Քոլոյան, Պրահա