Վարդան Օսկանյան. - «Վստահ չեմ, որ ընդամենը մեկ հարց է մնացել չհամաձայնեցված»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում, անդրադառնալով ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե «չհամաձայնեցված է մնացել մեկ հարց», ասաց, թե ինքը վստահ չէ, որ «միայն մեկ հարց է մնացել»:

«Սկզբունքների շուրջ դեռեւս բանակցությունները շարունակվում են», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Իհարկե, որոշ բավական ծանր հարցերի շուրջ դիրքորոշման մոտեցում կա, բայց որովհետեւ այս բանակցությունները բազմաշերտ են` կան սկզբունքներ, եւ կան նաեւ որոշ մանրամասներ, դժվար է իսկապես թիվ դնել եւ ասել... մեկն [հարց] է մնում: Ես, իսկապես, դժվարանում եմ նման գնահատական տալ: Իրեն [Մամեդյարովին] պետք է հարցնել»:

Նախարարը նաեւ հիշեցրեց, որ ԵԱՀԿ-ում գործում է հետեւյալ չգրված սկզբունքը` «ոչինչ չի կարելի համաձայնեցված համարել, մինչեւ ամեն ինչ համաձայնեցնելը»:

«Ես, իսկապես, կխուսափեի թվեր տալ: Դիրքորոշումների ընդհանուր մերձեցում, իսկապես, նկատվում է: Բանակցությունները պետք է շարունակել»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` այսօր Բրյուսելում ավելի ուշ կայանալիք հանդիպմանը` արտգործնախարարը ասաց, թե այդ հանդիպման նպատակներից է «Լեռնային Ղարաբաղի շուրջ ինչ-որ տեքստ ունենալը ԵԱՀԿ-ի ընդհանուր հայտարարության մեջ». - «Եվ բոլորը ասում են, որ եթե դա ստացվի, միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ նման համաձայնություն կլինի»:

«Շատ բան պետք չէ ակնկալել. շատ ընդհանուր կլինի: Կարծում եմ, հիմնական միտքը այնտեղ կլինի, որ 2006 թվականի ընթացքում առաջընթաց եղել է, եւ դիրքորոշումների մեջ մոտեցում կա», - եզրափակեց Վարդան Օսկանյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա