Ռուսաստանի հետ գործընկերությունը ՆԱՏՕ-ի համար մնում է «անվտանգության ամրապնդման ռազմավարական տարր»

«Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերությունը մնում է Եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ռազմավարական տարր», - ասված է Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները ողջունում են «ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի քաղաքական երկխոսության եւ գործնական համագործակցության մեջ ձեռք բերված առաջընթացը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում ընդգծված է, որ ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին բարձրացնել համագործակցության մակարդակը անվտանգության առանցքային հարցերում` ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը:

Դաշինքի անդամ երկրների առաջնորդները բարձր են գնահատել Ռուսաստանի ներդրումը «Ակտիվ ջանքեր» հակաահաբեկչական գործողությունում՝ Միջերկրական ծովում, եւ Ռուսաստանի դերը Աֆղանստանում եւ Կենտրոնական Ասիայում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի գործնական ծրագրերում:

Գագաթնաժողովը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում:

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ հակամարտություններին Հարավային Կովկասում եւ Մոլդովայում:

«Մեր պետությունները պաշտպանում են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը: Մենք սատարում ենք շարունակվող ջանքերը՝ գտնելու խաղաղ լուծումներ հակամարտություններին, որոնցում ներգրավված են այդ երկրները», - հայտարարել են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարները: