Մամուլի տեսություն

«168 ժամ»-ը, հիշեցնելով, որ «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման մասնակիցները օրեր առաջ ժողով էին հրավիրել Մերգելյան ինստիտուտի դահլիճում, գրում է. - «Փաստորեն, հաստատվում են այն լուրերը, թե «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը ռուսական մասնավոր նախագիծ է (այն նույնիսկ կապվում է Անատոլի Չուբայսի անվան հետ): Այդ է պատճառը, որ նրանց տրամադրվել էր ՌԴ սեփականություն հանդիսացող Մերգելյան ինստիտուտի դահլիճը»: Թերթի տեղեկություններով, «Քաղաքացիական անհնազանդությանն» աջակցում է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների առաջնորդների մասին երգեր են ի հայտ գալիս: «Այս նոու-հաուն առաջին անգամ օգտագործել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը», - տեղեկացնում է թերթը՝ մեջբերելով երգից մի հատված. - «… Խելացի ես ու անգին ես, թագավոր ախպեր, եւ քեզանով է պարծենում անհաղթ Հայաստան»: «Ո՞րը կարող է լինել Հանրապետականի պատասխանը», - հարց է տալիս «Հայկական ժամանակ»-ը եւ ենթադրում. - «Հանրապետականը, ամենայն հավանականությամբ, կընտրի դասական ոճը՝ օպերա կամ բալետ»: «Եթե ստեղծվի մի բալետ, որում կմարմնավորվեն Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի կերպարները, թերեւս դա կլինի ամենահուժկու պատասխանը «Թագավոր ախպեր» երգին», - գրում է թերթը:

«Հայոց Աշխարհ» թերթի` «Սահմանադրական փոփոխությունները ի՞նչ տվեցին պետությանը եւ հասարակությանը ի՞նչ նոր հնարավորություններ ընձեռեցին» հարցին ի պատասխան Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. - «Սահմանադրական փոփոխություններն արդեն իսկ իրենց զգացնել են տալիս տարբեր ոլորտներում։ Տեսեք՝ ընտրարշավը ավելի շուտ է սկսվել, քան պաշտոնապես պետք է մեկնարկեր։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հաջորդ խորհրդարանն ավելի լուրջ դերակատարություն է ստանձնում, մասնավորապես վարչապետի նշանակման եւ կառավարության ձեւավորման հարցում։ Բնական է, որ քաղաքական ուժերն արդեն ավելի լուրջ են մոտենում խորհրդարանական ընտրություններին»։

2007 թվականի ընտրություններին ընդառաջ «Իրավունք» թերթի մեկնաբանն այսօր, մասնավորապես, շեշտադրել է. - «Նախագահական ընտրություններին նախապատրաստվող Սերժ Սարգսյանը ցանկանում է իր խնդիրները լուծել արդեն 2007-ին»։ «Սերժը լավ գիտակցում է, որ եթե ընդդիմությունը կարողանա լուրջ ներկայություն ապահովել 2007-ի խորհրդարանում, ապա նախագահի ընտրության ելքը վճռված կլինի հօգուտ ընդդիմության», - եզրակացրել է մեկնաբանը։

«Հայկական ժամանակ» թերթը փոխանցել է, թե իշխանական վերնախավում որոշվել է 2007 թվականի Ազգային ժողովի ընտրությունները անցկացնել հաջորդ տարվա մայիսի 12-ին, որը «շաբաթ օր է եւ կհայտարարվի ոչ աշխատանքային»։ Այս կապակցությամբ թերթը նկատել է, թե «ընտրությունները կիրակի օրն անցկացնելու ավանդույթը խախտվել է սնահավատության պատճառով»։ Ըստ թերթի քննարկվել է 2 օր՝ մայիսի 12-ը, որը շաբաթ է, եւ մայիսի 13-ը։ «Այստեղ առաջ են եկել «13» թվի հետ կապված նավսային պրոբլեմներ, եւ ընտրվել է մայիսի 12-ը», - փոխանցվել է թերթը։

«Առավոտ»-ն այսօր տեղեկացրել է, թե «վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրորդ անգամ Հայաստան էր այցելել քրեական աշխարհում հայտնի «Յապոնչիկը»՝ նույն ինքը Վյաչեսլավ Իվանկովը»։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նա այս անգամ Հայաստանում է եղել հինգ օր առաջ ու սահմանը հատել է Վասիլկով ազգանվան տակ»։ Այցի մանրամասները, ըստ թերթի, հայտնի չեն, թեեւ, «հայտնի «Յապոնչիկը» եկել է Հայաստան «օբշյակի» փողերի ետեւից»։


Ատոմ Մարգարյան