Մահից առաջ արած հայտարարությունում Լիտվինենկոն մեղադրել է Պուտինին

Մահից առաջ արած հայտարարությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հայտարարությունում, որը այսօր առավոտյան հրապարակել են Լիտվինենկոյի բարեկամները, Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակիցը Ռուսաստանի նախագահին մեղադրել է «բարբարոս» եւ «անողոք» լինելու մեջ եւ վստահեցրել, որ Պուտինը «թանկ կվճարի» իրեն լռեցնելու համար:

43-ամյա Լիտվինենկոն մահացել է հինգշաբթի երեկոյան Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, որտեղ գտնվում էր արդեն երեք շաբաթ: Համաձայն հիվանդանոցի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության, բժիշկներն արել են ամեն ինչ՝ փրկելու համար նրա կյանքը:


ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման համաձայն, լոնդոնյան ոստիկանությունը հայտարարել է, թե «կատարվածի առնչությամբ քննություն է վարում եւ այդ մահը դիտարկում է որպես անբացատրելի»:

Երբ անցյալ շաբաթ բժիշկները բացահայտեցին, որ Լիտվինենկոյի հիվանդության պատճառ է դարձել թույնը, նրա թունավորման հանգամանքների քննությանը միացան բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցները:

Միաժամանակ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի ճգնաժամային թերապիայի բաժանմունքի տնօրեն Ջեֆ Բելինգանը հայտարարել է, թե բուժող բժիշկները գործնականում բացառում են այն վարկածը, ըստ որի, Լիտվինենկոն թունավորվել է թալիումով կամ ռադիոակտիվ նյութով:

Ինքը՝ Լիտվինենկոն, պնդում էր, թե իրեն թունավորել է իտալացի մի ծանոթ, որը ճապոնական ռեստորանում հանդիպման ժամանակ իրեն էր փոխանցել ռուս լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանության հետաքննությանն առնչվող նամակ: Այդ հանդիպումից շատ չանցած Լիտվինենկոյի առողջությունը վատթարացել էր:

Պոլիտկովսկայայի սպանության մեջ Լիտվինենկոն մեղադրում էր Կրեմլին:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հերքել է Լիտվինենկոյի թունավորմանը իր հնարավոր առնչությունը:

Ալեքսանդր Լիտվինենկոն կնոջ եւ որդու հետ Ռուսաստանից հեռացել էր 2000 թվականին: Նա Անվտանգության դաշնային ծառայությանը մեղադրում էր Վլադիմիր Պուտինի հակառակորդներին սպանելու պլաններ մշակելու մեջ:

2002 թվականին Լիտվինենկոն հեռակա կարգով դատապարտվել էր ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքով՝ նրա դեմ հարուցված էր երեք քրեական գործ: Մեծ Բրիտանիան նրան քաղաքական ապաստարան էր տրամադրել, իսկ 2006 թվականին նա բրիտանական անձնագիր էր ստացել:

Լիտվինենկոն համարվում էր ռուսաստանցի վտարանդի գործարար Բորիս Բերեզովսկու առավել մտերիմներից: