Երեւանում բացվեց հայ-ֆրանսիական մշակութային կապերին նվիրված գիտաժողով

Չորեքշաբթի օրը Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում բացվեց «Ֆրանս-հայկական մշակութային եւ լեզվաբանական կապերը» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը:

«Անտուան Մեյեն Հայաստանի, հայերի եւ հայերենի մասին», «Ֆրանսիան եւ հայագիտությունը», «Ֆրանսիական գրականության թարգմանությունները արեւմտահայ իրականության մեջ», «Արշակ Չոպանյանը եւ հայանպաստ շարժման ծնունդը Ֆրանսիայում». սրանք սոսկ մի քանիսն են այսօր ներկայացված ու վաղը ներկայացվելիք զեկուցումներից:

«Այստեղ երկու նպատակ կա. նախ ու առաջ` հիշեցնել այդ պատմությունը, եւ ոչ միայն ֆրանսերենի առկայությունը Հայաստանում, այլեւ հայագիտության առկայությունը Ֆրանսիայում», - ասաց Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: - «Եվ շատ կարեւոր է, որ կոնֆերանսին մասնակցում են թե' հայ եւ թե' ֆրանսիացի մասնագետները»:

Գիտաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Պոլ Ռուսեն, որը նշեց, թե «շատ լավ է, որ Ֆրանսիան մեծ տեղ է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»:

Բացի հայ ու ֆրանսիացի գիտնականներից, գիտաժողովին մասնակցում են նաեւ ամերիկացի մասնագետներ: «Ֆրանսիան եւ հայագիտությունը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգներից ժամանած անվանի հայագետ Պիտեր Քաուին: Նա շատ «խրախուսիչ» որակեց փաստը, որ հայագետությամբ ամբողջ աշխարհում սկսել են հետաքրքրվել նաեւ երիտասարդ գիտնականները:


Գայանե Դանիելյան