Հայկական կողմը համաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը

Հայկական կողմը համաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը, հավանաբար, կկայանա նոյեմբերի 28-ին Մինսկում: Այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը այսօր առավոտյան՝ համանախագահների մեկնելուց առաջ Երեւանի օդանավակայանում կայացած ճեպազրույցում:

Իրենց հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Մերզլյակովը որակեց «բովանդակալից եւ արդյունավետ»:

«Մենք դեռ այսօր Բաքվում պետք է ստանանք հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի համաձայնությունը, թեեւ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը այս կապակցությամբ համապատասխան հայտարարություն արել է», - ասաց ռուսաստանցի համանախագահը:

Մեկնաբանելով այն փաստը, որ տարածաշրջան են այցելել Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը, Յուրի Մերզլյակովը հայտնեց, որ իրենք համաձայնեցրել են աշխատանքի բաժանումը, եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «այս օրերին պետք է հանդիպի [Լեռնային Ղարաբաղի նախագահ] պարոն Արկադի Ղուկասյանի հետ, որը գտնվում է Միացյալ Նահանգներում»:

«Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ տարին ավարտվում է բավական լավատեսական նոտայի վրա», - հայտարարեց ռուսաստանցի համանախագահը եւ հավելեց. - «Եթե մեզ հաջողվի պահպանել կողմերի այս տրամադրությունը, իսկ մենք հույս ունենք, որ դա կհաջողվի, ապա 2007 թվական մենք կմտնենք բավական լավ հեռանկարներով»:

Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի խոսքերով, «այսպիսի հակամարտություն կարգավորելը նման է խաղաղության պատ կառուցելուն»:

«Ամեն անգամ մենք փորձում ենք օգնել կողմերին դնել եւս մեկ-երկու աղյուս այդ պատում, եւ եթե մենք շարունակում ենք ավելացնել աղյուսները՝ դա լավ է», - հայտարարեց ֆրանսիացի համանախագահը՝ միաժամանակ ընդգծելով. - «Բայց առայժմ պատը դեռ բավական ամուր չէ, որպեսզի թույլ տա արդեն գրել վերջնական կարգավորման համաձայնագիրը»:

«Ինչպես եւ ձեր արտգործնախարարը ասել էր, հոկտեմբերից մենք ներկայացրել ենք ոչ թե նոր, այլ լրացուցիչ տարրեր, եւ մենք հույս ունենք, որ այդ լրացուցիչ տարրերը հնարավորություն կտան իրականացնել այդ մոտեցումը», - ասաց Ֆասյեն:

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին ի պատասխան՝ Յուրի Մերզլյակովը կարծիք հայտնեց, թե վերջին շրջանում նման հայտարարությունները նվազել են:

«Մենք միշտ ենթադրում ենք, որ նման «կրակոտ» հռետորաբանությունը խանգարում է գործընթացին, առավել եւս, երբ այդ հայտարարությունները արվում են ինչ-որ կարեւոր հանդիպումների նախաշեմին կամ պատասխանատու պահերին», - ասաց ռուսաստանցի համանախագահը եւ կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում նման հայտարարություններ ավելի քիչ էին հնչում. - «Համենայն դեպս, մենք չենք զգացել, որ դա զգալիորեն խանգարի այն հիմնական առաջադրանքին, որ մենք տեսնում էինք 2006-ը նախագահների երրորդ հանդիպումով ավարտելու համար»:

«Մենք Վաշինգտոնում, Փարիզում եւ Մոսկվայում այս առումով մի դիրքորոշում ունենք՝ որ պատերազմը այս հակամարտությունը կարգավորելու իրական հնարավորություն չի կարող լինել», - հավելեց Բերնար Ֆասյեն:


Աննա Սաղաբալյան