ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սեփականության օտարմանը վերաբերող օրենքի նախագիծը

Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը եւ դրան առնչվող օրենքներում փոփոխությունները:

Ընդդիմությունը եւ մի շարք անկախ պատգամավորներ՝ դահլիճում նստած, չմասնակցեցին քվեարկությունը: Եվ եթե Դաշնակցությունն էլ ձեռնպահ քվեարկելու փոխարեն նույն կերպ վարվեր, քվորում չէր ապահովվի, եւ նախագիծը չէր ընդունվի:

Կառավարության հեղինակած այս նախագիծը սահմանում է հանրային, գերակա շահի դեպքերը, ձեռքբերողի եւ սեփականատիրոջ համաձայնությունը չլինելու դեպքում՝ դատական կարգով հարցի լուծման հանգամանքները, համարժեք փոխհատուցման չափը, որը պետք է լինի օտարվող գույքի շուկայական արժեքից 15 տոկոս ավելի: Հարկ է նկատել, որ համարժեք փոխհատուցում ասելով` նախագիծը բացառում է, ասենք, անշարժ գույքն այլ բնակարանով կամ հողամասով փոխհատուցելու պարտադրանքը: Ընդդիմախոսները պայքարում են, որ օրենքն ունենա հետադարձ ուժ, որ օտարվող գույքի ձեռք բերողը լինի միմիայն պետությունը, որ քաղաքաշինական ամեն ծրագիր չհամարվի գերակա հանրային շահ եւ այլն:

Արտահերթ նիստն սկսելուց շատ առաջ խորհրդարանի պատգամավորական մուտքի մոտ հարյուրից ավելի մարդ էր հավաքվել, որոնք ներս մտնող պատգամավորներին հորդորում էին չընդունել օրենքը: Պատգամավորներից շատ քչերն էին կանգ առնում՝ ականջալուր լինելու, թե ինչ են ուզում հավաքվածները:

«Այս օրենքը ոչ թե պետության ու հասարակության համար է, այլ ինչ-որ մարդկանց խավի բիզնես ծրագիրը ապահովելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցույցի մասնակիցներից «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն էր:

Ամեն դեպքում, վաղուց է տպավորություն ձեւավորվել, որ խնդիրը ոչ այնքան օրենսդրության մեջ է, որքան կամայականությունների, ինչի արդյունքում նախկին սեփականատերերն արդեն քաղաքական պայքարի կոչ են անում:

«Մենք արդեն երկուշաբթի օրվանից անհնազանդություն ենք հայտնելու: Ժողովուրդը արդեն հասկանում է, որ իրենց իրավունքները ոտնահարված են. պետք է ոտքի կանգնենք ու պահանջենք իրենց հրաժարականը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Սեփականության իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը:


Ռուզաննա Խաչատրյան