Վրաց խորհրդարանականներն այս շաբաթ կքննարկեն ԱՊՀ-ի կազմում Վրաստանի մնալու նպատակահարմարությունը

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 10-ին քննարկելու է ԱՊՀ-ի կազմում երկրի մնալու նպատակահարմարության հարցը: Ինչպես այսօր խորհրդարանում հայտնել է խոսնակ Նինո Բուրջանաձեն, ԱՊՀ-ից դուրս գալու առաջարկը ներկայացրել է «Դեմոկրատական ճակատ» ընդդիմադիր խմբակցությունը:

«Ուրբաթ օրը պարզ կդառնա՝ մնո՞ւմ են Միխեիլ Սահակաշվիլին եւ նրա խորհրդարանական մեծամասնությունը ԱՊՀ-ում, թե՞ մենք, ի վերջո, դուրս ենք գալիս այդ բոլորովին անպետք կազմակերպությունից», - հայտարարել է «Դեմոկրատական ճակատի» անդամ Կախա Կուկավան:

Իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» պատգամավորների կարծիքով, «հարկ չկա արագացնել ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու գործընթացը»:

«Դրա համար պետք է ընտրել այնպիսի պահ, որ վնաս չհասցվի Վրաստանի շահերին», - ասել է «Միացյալ ազգային շարժման» ղեկավարներից մեկը՝ խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին:


Արմեն Քոլոյան, Պրահա