Վարդան Խաչատրյանը հուսով է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան չի դադարեցնի ծրագիրը

Անցած շաբաթ «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին կոչ արեց չհաստատել Հայաստանը այն երկրների ցանկում, որոնց 2007 -֊ին հատկացումներ են արվելու՝ պատճառաբանելով ժողովրդավարական ցուցանիշները: Նշված ցանկը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հաստատելու է նոյեմբերի 8-ին: Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը Հայաստանի կառավարության անունից ստորագրել է կորպորացիայի հետ հուշագիրը, երեկ ասաց, թե հույս ունի, որ կորպորացիան ծրագիրը չի դադարեցնի:

«Առավոտ» օրաթերթին եւ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասաց. - «Իմ կարծիքով, մենք պրոբլեմ չունենք: «Ֆրիդըմ Հաուս»-ը երեք խումբ ցուցանիշների մի խմբի երկու ցուցանիշն է ընդամենը ուսումնասիրում: Իսկ խմբի մեջ գոնե երեք ցուցանիշ պետք է բացասական լինի... Եվ միայն «Ֆրիդըմ Հաուս»-ով չի գնահատվում: Այլ հասարակական կազմակերպությունների կարծիքները, ինչպես մեզ բացատրել են, նույնպես համադրվում են, հետո միայն որոշում է ընդունում Հազարամյակի կորպորացիան»:

Վարդան Խաչատրյանի պնդմամբ, պետբյուջեի նախագծում «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հատկացումներից 12 միլիոն դոլարը նախատեսված է: Հարցին, թե չհատկացվելու դեպքում արդյո՞ք չի վտանգվի բյուջեի կատարումը, նախարարը արձագանքեց. - «Այդպիսի հարցեր կարող ենք տալ բոլոր տրանսֆերտների [միջազգային կազմակերպություններից] եւ վարկերի մասով: Եթե չհատկացնեն, ուրեմն չեն հատկացնի, ուրեմն որոշ ծախսեր պետք է կրճատենք»:

Դիտարկմանը` եթե այլ կառավարություն լինի, կստացվի, որ այն կընկնի ֆինանսական ծանր բեռի տակ` ներկայիս կառավարության քաղաքական սխալների պատճառով, Խաչատրյանը արձագանքեց, թե «միշտ իրավահաջորդության հետ պարտավորություններ եւ ռիսկեր կան»:


Ռուզան Խաչատրյան