Եվրամիությունը դիտարկում է Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու հնարավորությունը

Եվրահանձնաժողովը դիտարկում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները մասնակիորեն դադարեցնելու տարբերակը: Ընդունվելու դեպքում այդ նորմը տեղ կգտնի Թուրքիայի հետ Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ հատուկ զեկույցում, որի հրապարակումը նախատեսվում է նոյեմբերի 8-ին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը փոխանցում է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների խոսքերը, որ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ներկայումս բուռն ջանքեր է գործադրում բանակցային գործընթացի լիակատար ձախողումից խուսափելու համար: Այդ նպատակով նա առաջարկում է կրճատել «բանակցային տարածությունը» եւ դրանից դուրս թողնել առեւտրի հարցերը:

Ճգնաժամն առաջացել է Կիպրոսի նավերի եւ օդանավերի համար իր ծովային նավահանգիստները եւ օդանավակայանները բացելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով, ինչ արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Եվրամիությանն անդամակցության ձգտող Թուրքիան ոչ միայն չի ճանաչում դաշինքի անդամներից մեկին՝ Կիպրոսի Հանրապետությունը, այլեւ պահպանում է վերջինի դեմ տնտեսական պատժամիջոցները:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Հունաստանը, անթույլատրելի են համարում նման իրավիճակը եւ պատրաստ են դադարեցնել Անկարայի հետ ցանկացած բանակցություններ այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ հարցը կարգավորված չէ:

Սակայն Մեծ Բրիտանիան պնդում է «հատուկ մոտեցման» անհրաժեշտությունը Թուրքիայի՝ որպես «Եվրամիության կարեւորագույն աշխարհաքաղաքական դաշնակցի», նկատմամբ:

Միաժամանակ, թուրքական «Չիհան» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Քեմալ Դերվիշը «Financial Times»-ի հարցազրույցում Եվրամիությանը կոչ է արել «վերանորոգել» իր հարաբերությունները Թուրքիայի հետ եւ զգուշացրել է, թե այլապես դաշինքը կկանգնի ռազմավարական կապերի փլուզման առջեւ՝ «անկանխատեսելի հետեւանքներով»:

Դերվիշը, որը նախկինում եղել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար, հայտարարել է, թե Եվրամիությունը «պետք է փոխի Թուրքիայի հետ խոսելու ձեւը»: