Միացյալ հայկական հիմնադրամը 4,5 միլիոն դոլար է նվիրաբերել Լիբանանի բոլոր 28 հայկական վարժարաններին

Միացյալ հայկական հիմնադրամը 4,5 միլիոն դոլար է նվիրաբերել Լիբանանի բոլոր 28 հայկական վարժարաններին, ինչը հնարավոր է դարձել «Լինսի» հիմնադրամից ստացված հատկացման շնորհիվ:

Նվիրատվությունը պայմանավորված է վերջին տարիներին Լիբանանում տնտեսական ճգնաժամով, որը ավելի է սաստկացել ամռանը երկրում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով:

Հազարավոր կարիքավոր լիբանանահայ ընտանիքներ ի վիճակի չեն վճարել հայկական դպրոց հաճախող իրենց երեխաների ուսման վարձը, եւ որպես հետեւանք՝ վարժարանների մեծ մասը ի վիճակի չէ վճարել ուսուցիչների եւ կրթօջախների այլ աշխատակիցների աշխատավարձը:

Միացյալ հայկական հիմնադրամի նվիրատվությունը ծառայելու է երեք գլխավոր նպատակների. 3,2 միլիոն դոլարը կօգտագործվի 5092 կարիքավոր աշակերտների ուսման վարձը ամբողջությամբ կամ մասնակիորեն վճարելու համար, 757 հազար դոլարով կվճարվեն 536 ուսուցիչների եւ վարժարանների այլ աշխատակիցների աշխատավարձերը, իսկ 513 հազար դոլարը կուղղվի վարժարանների զանազան այլ կարիքներին:

Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում պարզաբանեց, որ դրամական օգնությունը «Լինսի» հիմնադրամի բացառիկ հատկացումն է, այն միանվագ է եւ նախատեսված է միայն այս ուսումնական տարվա համար:

Սասունյանը ներկայումս Լիբանանում է՝ այցելելու համար բոլոր 28 վարժարանները, հանդիպելու դրանց ղեկավարության հետ եւ անձամբ փոխանցելու յուրաքանչյուր վարժարանի համար նախատեսված գումարը:

«4,5 միլիոն դոլարի այս աննախադեպ նպաստը մեծավ մասամբ թեթեւացնելու է հայկական վարժարանների նյութական ծանր բեռը, որը մնացել էր տագնապահար լիբանանահայ համայնքի ուսերին», - ասել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահը: - «Աշխարհասփյուռ հայությունը պետք է օգնության ձեռք մեկնի այս կենսական համայնքին, որն օժանդակության կարոտ է բազմաթիվ այլ բնագավառներում»:

«Այսօր նեցուկ կանգնելով հայկական վարժարաններին՝ մենք ներդրում ենք անում հայ մշակույթի ոչ միայն գոյատեւման, այլեւ զարգացման մեջ», - շեշտել է Հարութ Սասունյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես