«Հայռուսգազարդ»-ը լրացուցիչ բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարով գնելու է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը

«Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ընկերության կողմից լրացուցիչ բաժնետոմսերը թողարկվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը գնելու համար:

«Ի՞նչ բան է լրացուցիչ էմիսիան [բաժնետոմսերի թողարկումը]: Դա այն գումարն է, որը անհրաժեշտ է 5-րդ բլոկը գնելու համար: Գնորդը ո՞վ է: «Հայռուսգազարդ»-ը: Ի՞նչ միջոցներով: Լրացուցիչ էմիսիայի միջոցներով: Լրացուցիչ էմիսիան ո՞վ է գնում: Փայատերերից մեկը` «Գազպրոմ»-ը: Ինչո՞ւ Հայաստանը չի գնում: Հայաստանի կառավարությանը պետք է հարցնել», - լրագրողների հարցերը կանխելով` ասաց Կարապետյանը:

Պարզ ասած` 5-րդ էներգաբլոկը գնելու համար «Հայռուսգազարդ»-ի թողարկած բաժնետոմսերը գնել է ռուսաստանյան «Գազպրոմ»-ը: Այսպիսով, «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության բաժնեմասը կնվազի` կազմելով 30 տոկոս: Իսկ «Գազպրոմ»-ը բաժնետոմսերի 45 տոկոսի սեփականատերից դարձավ 58 տոկոսի սեփականատերը:

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի` ապրիլին հայտարարված վաճառքի գինը «Գազպրոմ»-ին 248 մլն դոլար էր: Ներդրողը պատրաստվում էր կատարել մինչեւ 180 մլն դոլարի ներդրում:

Կարեն Կարապետյանի երեկ ներկայացրած պատկերը հետեւյալն է. -«Գազպրոմ»-ը այդ լրացուցիչ էմիսիան գնում է, 118,8 միլիոն դոլար այս տարի վճարելու է մեզ: Մենք դրանից վճարելու ենք մի մասը Հայաստանի Հանրապետության բյուջեին, մյուս մասը դնելու ենք 5-րդ բլոկի վրա»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը մեջբերում արեց Ռուսաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մի փաստաթղթից, ուր հստակ գրված է, որ 3 տարի գազի անփոփոխ` 1000 խորանարդ մետրի համար 110 դոլար, սակագնի դիմաց «Գազպրոմ»-ը ստանում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ Իրան - Հայաստան գազատարի Հայաստանով անցնող 40-կիլոմետրանոց հատվածը:

Կարապետյանը, սակայն, վստահեցրեց, որ Իրան - Հայաստանի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա: Մյուս կողմից, նա նշեց, որ Իրան - Հայաստան գազատարի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ ընդլայնվի «Հայռուսգազարդ»-ի ցանցը:


Աննա Սաղաբալյան