Ի՞նչ պետք է անենք առանց արհեստավորների

Սա կարող է վիրավորական թվալ արհեստավորների համար, սակայն նրանք հասկանում են երիտասարդներին: Վարպետ Վաչիկը եռակցել սովորել է մոտ 15 տարի առաջ. - «Մեր ժամանակ արհեստ սովորելու համար պայամաններ էր ստեղծում պետությունը, սակայն այսօր արհեստ սովորելը ոմանց համար ամոթ է, մյուսներն էլ բավական գումար չունեն»:

Իսկ Վարպետ Հրանտը, ով փականագործությունը սովորել է իր եղբորից դեռ 25 տարի առաջ, ասում է.֊ - «Ամեն մասնագիտություն իր կարեւորությունն ունի: Հաստատ մի օր կսկսեն նորից արհեստներ սովորել, հակառակ դեպքում Հայաստանում իրավաբանների գերառաջարկ կունենանք: Այն երեխանները, որոնք առանձնապես սովորելու հանդեպ սեր չունեն, լավ կանեն գնան ուսումնարան»:

«Ինչո՞ւ դառնալ դիպլոմով բանվոր, եթե կարելի է դառնալ հարգված արհեստավոր»,- ասում է Հակոբ Ղարադաշյանը: Նա հայրենադարձ է: Տարիներ առաջ վերադարձել է Իրանից ու այսօր զբաղվում է կոշկակարությամբ: - «Այս ձեւով եթե շարունակվի, ամենաուշը 10 տարուց մեր քարուքանդ փողոցներում շատ շուտ շարքից դուրս եկող կոշիկները նորոգող այլեւս չի լինի»:

Իսկ տնտեսագետ Մնացական Գրիգորյանի խոսքերով, պահանջարկն առաջարկ է ծնում: «Մի օր հաստատ կգա, երբ տնտեսագետներն ու իրավաբանները կտեսնեն, որ իրենց կարիքն ավելի քիչ կա, որ լավ արհեստավոր լինելն էլ պակաս հարգի չէ, ու այդ ժամանակ ամեն բան իր տեղը կընկնի», - մեկնաբանեց նա:


Անի Թադեւոսյան