Թուրք ազգայնականների կարծիքով՝ Նոբելյան մրցանակը վարձավճար էր Օրհան Փամուկին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիմաց

Թուրք ազգայնական մտավորականները համոզված են, որ հայտնի գրող Օրհան Փամուկին շնորհված Նոբելյան մրցանակը Արեւմուտքի վարձավճարն է Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց:

Ազգայնական եւ ձախակողմյան հայացքներ դավանող մոտ 80 թուրք մտավորականներ հայտարարել են, թե «Նոբելյան մրցանակը ոչ թե թուրք գրականությանը շնորհված պարգեւ է, այլ վարձավճար Օրհան Փամուկին»:

Հայտարարության հեղինակները պնդում են, որ «քանզի մրցանակ շնորհողները հնարավորություն չունեն ընթերցելու բոլոր գրքերը աշխարհի բոլոր լեզուներով, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը գրական արժեքները գնահատող պարգեւից վերածվել է իմպերիալիզմի կողմից շահագործվող հասարակությունները մոլորության մեջ գցելու գործիքի»:

«Ֆրանսպրես» գործակալությունը փաստում է, որ թեեւ Թուրքիայի կառավարությունը եւ գրական շրջանակները ողջունել են Նոբելյան մրցանակի շնորհումը Օրհան Փամուկին, թերահավատները պնդում են, որ Արեւմուտքը աջակցում է նրան ոչ թե իր գրական վաստակի, այլ սեփական երկիրը քննադատելու համար: