Հայաստանի գազամատակարարումը չի ընդհատվի` անկախ ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացումից

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ի ներկայացուցչի հավաստմամբ, Հայաստանի գազամատակարարումը շարունակվելու է` անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանան ռուս-վրացական հարաբերությունները:

«Գազպրոմ»-ի արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Դենիս Իգնատեւը «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց, որ գազը Հայաստան «մատակարարվելու է անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանան ռուս-վրացական հարաբերությունները»:

Ռուս-վրացական հարաբերություններում լարվածությունն առաջացել է Վրաստանում լրտեսության մեղադրանքով ռուս զինծառայողների ձերբակալությունից հետո: Չնայած Վրաստանը ազատ է արձակել ռուս զինծառայողներին, այդուհանդերձ, հարաբերությունները մնում են լարված, եւ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տնտեսական շրջափակումը:

Իգնատեւը ասաց նաեւ, որ «Գազպրոմ»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ բանակցությունները գազամատակարարմանն առնչվող տարբեր ծրագրերի շուրջ շարունակվում են: Նրա փոխանցմամբ, բանակցությունների օրակարգում է նաեւ Իրան - Հայաստան գազատարի մի հատվածը «Գազպրոմ»-ի կողմից գնելու հարցը:


Ազա Բաբայան