Ռուսաստանյան ընկերությունը վստահ է, որ հաղթելու է մրցույթում

Ռուսաստանյան MTC ընկերությունը վստահ է, որ հաղթելու է «ԱրմենՏել»-ի` հունական OTE-ին պատկանող բաժնետոմսերի վաճառքի մրցույթում, որի արդյունքները, ըստ MTC-ի ներկայացուցչի, հայտնի կդառնան մինչեւ շաբաթավերջ:

«Փորձագետների վստահությունը [որ MTC-ը կհաղթի] հիմնված է այն փաստի վրա, որ MTC ընկերությունը Ռուսաստանի բջջային շուկայի առաջատարն է, ուստի բավարար շանսեր ունի այդ մրցույթում հաղթելու համար: Հենց այդ պատճառով էլ մասնակցում ենք մրցույթին», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց MTC ընկերության մամուլի քարտուղար Կիրիլ Ալյարդինը:

Ալյարդինը նաեւ «ասեկոսեներ» որակեց ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների` երեկ տարածած տեղեկատվությունը, թե «ԱրմենՏել»-ի մրցույթը շահել է արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/IStithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) կոնսորցիումը:

«Պաշտոնապես մրցույթի կազմակերպիչները արդյունքները հայտարարելու են շաբաթվա վերջին», - ասաց Ալյարդինը:

«ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի վաճառքը այլ ընկերության (բացի MTC-ից) քիչ հավանական են համարում նաեւ ռուսաստանցի անկախ փորձագետները:

Ռուսաստանյան որոշ լրատվական գործակալություններ երեկ երեկոյան, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներ, հաղորդել էին, թե «ԱրմենՏել» հայաստանյան ընկերության` հունական OTE-ին պատկանող բաժնետոմսերի 90 տոկոսը 600 միլիոն դոլարով վաճառվել է արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/IStithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) կոնսորցիումին:

Այդ տեղեկատվությունը չհաստատեցին ոչ «ԱրմենՏել»-ում, ոչ էլ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում:


Ազա Բաբայան, Մոսկվա