Մարկո Մատերացին՝ գրո՞ղ

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի անդամ Մարկո Մատերացին հեղինակել է «Ի՞նչ եմ ես իրականում ասել Զիդանին» վերնագրված մի գիրք, որն արդեն հայտնվել է Մայնի Ֆրանկֆուրտում բացված գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսում:

Իր գրքում Մատերացին թվարկում է 249 հնարավոր նախադասություններ, որոնք նա կարող էր եզրափակիչում ասել Զիդանին: 249 արտահայտություններից շարքում կա նաեւ մեկը, որից հետո զայրացած Զինեդին Զիդանը գլխով հարվածել է Մատերացիին եւ կարմիր քարտ ստացել:

Մատերացին ի վերջո խոստովանել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընթացքում վիրավորել է Զիդանի քրոջը: Ֆրանսիա - Իտալիա հանդիպումն ավարտվել է ոչ ոքի, եւ խաղից հետո 11 մետրանոց հարվածներով գավաթը շահել են իտալացիները:

Մատերացիի գրքում 249 անհեթեթ նախադասություններ են, օրինակ` «Զիզու, դու դեռ չես պարտվել, բայց արդեն մազերդ կորցրել ես», «Միշել Ֆուկոյի մահվանից հետո ֆրանսիական փիլիսոփայությունը շատ ձանձրալի է դարձել»: Իտալացի պաշտպանն առաջարկում է ընթերցել բոլոր 249 «արտահայտությունները» եւ կռահել, թե ո՞ր մեկն է վիրավորել Զիդանին: Նրա հեղինակած «գիրքն» արժե տասը եվրո:

Մեկնաբաններից ոմանք պնդում են, սակայն, որ Մատերացին թաքցրել է իրականությունը եւ գրքում չի ընդգրկել հենց այն արտահայտությունը, որը իր «նոկդաունի» պատճառն է դարձել:


Արմեն Քոլոյան, Պրահա