Փիթեր Սեմնեբի. «Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակի վրա են խաղում»

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այսօր հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակի վրա են խաղում:

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում Սեմնեբին ասել է, թե Ադրբեջանը հուսով է, որ էներգակիրներից ստացվող եկամուտը հետզհետե երկիրը կդարձնի «ավելի հարուստ եւ ռազմական տեսակետից ավելի հզոր»:

«Սպառազինության կուտակումը լուրջ խնդիր եւ մտահոգություն է, եւ կարծում եմ, որ դա իր ազդեցությունն է թողնում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը այնքան էլ հրատապ չի համարում հակամարտության կարգավորումը», -֊ փաստել է Սեմնեբին:

Միաժամանակ, նա կարծում է, որ Հայաստանն էլ ժամանակի վրա է խաղում:

Նրա վկայությամբ՝ «Երեւանն էլ սպասում է, թե ինչպես կլուծվի Կոսովոյի հարցը, եւ հույս ունի, որ ժամանակի ընթացքում կյանքի իրողությունները կխաղան իրենց դերը»:

Այնուամենայնիվ, Եվրամիության ներկայացուցիչը կարծում է, որ ղարաբաղյան խաղաղ բանակցություններում ստեղծված իրավիճակը «լիովին անհույս չէ»: Նա փաստել է, որ շուտով հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:

Ահթո Լոբիակաս, Բրյուսել