Հայաստանի կալանավայրերում հաճախակի են դարձել բռնության դեպքերը

Արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խումբն այսօր հրապարակեց իր տարեկան զեկույցը Հայաստանի քրեակատարողական հիմնարկների եւ կալանավորների վիճակի մասին:

Դիտորդական խմբում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպություններ 2005 թվականին ուսումնասիրություն են անցկացրել Հայաստանի գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում եւ եկել են այն եզրահանգման, որ «ոչ միայն դրանց մի մասը չի համապատասխանում ընդունված միջազգային չափանիշներին, այլեւ որոշ դեպքերում պայմաններն այդ հիմնարկներում անմարդկային են»:

Դիտորդական խմբի անդամ, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, այսօրվա քրեակատարողական հիմնարկների մի մասը կառուցված է 19-րդ դարում եւ նախատեսված չի եղել կալանավորների համար: Դա վերաբերում է Գյումրիի, Գորիսի, Նուբարաշենի, Վանաձորի հիմնարկներին, որոնք միջազգային չափանիշներին ընդհանրապես չեն համապատասխանում: Գյումրիի քրեակատարողական հիմնարկը, օրինակ, կառուցվել է 1928 թվականին եւ եղել է ախոռ, Վանաձորինը կառուցվել է 19-րդ դարում, Աբովյանինը՝ 1958 թվականին:

Դիտորդական խումբը անբավարար է գնահատել նաեւ քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկումն ու սննդի որակը: Որոշ կալանավայրերում ատամնաբույժը միայն ատամ է հեռացնում եւ ոչ թե բուժում, իսկ գործիքները շատ հին են:

Սննդի վատ որակի պատճառով կալանավորները, հիմնականում, սնվում են հարազատներից ստացած մթերքներով:

Դիտորդական խումբը ամենից մտահոգիչ խնդիրն է համարում քրեակատարողական հիմարկներում ծառայողների վերաբերմունքը կալանավորների նկատմամբ:

Ըստ Ավետիք Իշխանյանի, վերջին շրջանում հաճախակի են դարձել բռնության եւ ծեծի դեպքերը: «Եթե ոստիկանությունում ձերբակալվածների նկատմամբ կիրառվում են բռնություններ՝ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով, ապա այստեղ՝ որպես պատիժ չենթարկվելու կամ փախուստի փորձեր անելու համար, ընդ որում, դա շատ դաժան է լինում», - ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահը:

Այս տարվա ապրիլի 29-ին, ըստ Ավետիք Իշխանյանի, Գորիսի բանտում դաժան ծեծի են ենթարկվել 5 կալանավորներ, իսկ բանտի բակում այրվել են ազատազրկվածներին պատկանող իրերը:

Իսկ վերջերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կալանավորներից մի քանիսը փախուստի անհաջող փորձից հետո կտրել էին իրենց երակները՝ հնարավոր բռնություններից խուսափելու համար:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցները, որոնք ներկա էին զեկույցի հրապարակմանը, չհամաձայնեցին դիտորդների դիտարկումներին, պնդելով, թե բուժսպասարկումը կալանավայրերում նորմալ է, դեղերի պակաս չկա, իսկ կալանավորները շատ լավ են սնվում:

Վարչության պետի տեղակալ Վաղինակ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասաց, թե իրենք ազատազրկվածներին չեն ծեծում, այլ «ուժ են գործադրում», ինչը օրենքով թույլատրվում է:

Քրեակատարողական հիմնարկներում վիճակը բարելավելու բազմաթիվ առաջարկների հետ մեկտեղ, դիտորդական խումբը նշում է նաեւ Ազգային անվտանգության ծառայության շենքում «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը փակելու անհրաժեշտության մասին: Ըստ դիտորդական խմբի, իրենց հայտնի չէ որեւէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական փաստաթուղթ, որի հիման վրա կալանավորվածները պահվում են տվյալ քրեակատարողական հիմնարկում:

Հելսինկյան կոմիտեի նախագահի խոսքերով, իրենք ենթադրություններ ունեն, թե կոնկրետ այս հիմնարկը, ի տարբերություն մյուսների, այլ գործառույթներ է իրականացնում:


Ռուզաննա Ստեփանյան