Ցեղասպանությունը հերքելը՝ քրեական հանցանք

Այսօր Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխություն, որով ցեղասպանությունը հերքելը դառնում է քրեորեն պատժվող արարք:

Քրեական օրենսգրքի նոր հոդվածը կոչվում է «Ցեղասպանությունը եւ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը»:

Հոդվածն ազդարարում է. - «Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելիության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելիության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։


Ռուզան Խաչատրյան