Ըստ «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանների, մինչեւ տարեվերջ Ղարաբաղի հարցը չի լուծվի

Ըստ «Սթրաթեջիք ֆորքասթ» վերլուծական կենտրոնի («Սթրաթֆոր») նոր զեկույցի, մինչեւ տարեվերջ Վաշինգթոնի ուշադրության կենտրոնում կլինեն Իրաքի պատերազմը, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հետ լարված հարաբերություններն ու Կոնգրեսի ընտրությունները, ուստի շատ ժամանակ չի հատկացվի Մոսկվայի հետ հարաբերություններին: Մինչդեռ, Ռուսաստանն այս ընթացքում շարունակելու է ԱՊՀ-ի տարածքում ազդեցությունն ամրապնդելու քաղաքականությունը, որի հիմնական լծակներից մեկը էներգետիկան է:

«Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մինչեւ տարեվերջ չի լուծվի, չնայած նրան, որ տեղի կունենան նոր բանակցություններ: Ադրբեջանը հզորացնում է բանակը, սակայն մեծ հաջողության այդ հարցում դեռ չի հասել: Ի դեպ, ըստ «Սթրաթֆոր»-ի, այս տարվա վերջին եռամսյակում Ադրբեջանը ֆինանսական եկամուտի նոր աղբյուր է ստանալու՝ ի հավելումն արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարի, դեկտեմբերին սկսելու է գործել նաեւ գազատար խողովակաշարը:

«Սթրաթֆոր»-ը կանխատեսում է, որ վրացական հակամարտությունները կսրվեն, նոյեմբերի 12-ին Հարավային 0սիայում նշանակված անկախության հանրաքվեն էլ ավելի բարդ իրավիճակ է ստեղծելու: Վրաստանն ամեն կերպ ձգտելու է ամրապնդել կապերն Արեւմուտքի, նախեւառաջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Վրաստանում ափսոսանքով կարձագանքեն, եթե Թբիլիսիին չտրվի ՆԱՏ0-ին անդամակցելու հստակ խոստում, բայց, բոլոր դեպքերում, Վրաստանը կշարունակի համագործակցել ամերիկացի զինվորականների հետ:

Ռուսաստանը, ըստ վերլուծական կենտրոնի զեկույցի, կփորձի խրախուսել անջատողական շարժումները եւ քայլեր ձեռնարկել ՆԱՏ0-ին Վրաստանի հնարավոր անդամակցությունը խափանելու ուղղությամբ:


Արմեն Քոլոյան, Պրահա