Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ուրբաթ օրը կհանդիպեն Մոսկվայում

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին Մոսկվայում: Այդ մասին երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի փոխանցմամբ, մոսկովյան հանդիպումից շուրջ մեկ շաբաթ հետո արտգործնախարարները դարձյալ կհանդիպեն, ինչից հետո արդեն կարող են քննարկվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրի եւ ժամկետների մասին հարցերը:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի փոխանցմամբ, իրենք այս պահին կտրուկ լուծումներ չեն ակնկալում եւ չեն գտնում, թե բոլոր դժվարությունները հարթված են, սակայն նկատում են կողմերի պատրաստակամությունը` խնդիրները խորությամբ դիտարկելու եւ առաջ շարժվելու:

Ամերիկացի համանախագահի գնահատմամբ, միակ գործոնը, որը խոչընդոտում է գործընթացին, կողմերի միջեւ վստահության պակասն է:

Այս կապակցությամբ Մեթյու Բրայզան ասաց, որ հայկական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի պատրաստվում որեւէ փոխզիջման ընդհանրապես, սակայն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում նշվել էր, թե Ալիեւը չի պատրաստվում որեւէ փոխզիջման, եթե դա չի բխում Ադրբեջանի շահերից:

Մեթյու Բրայզան նշեց, որ, այնուամենայնիվ, իր համար հուսադրող է վերջին տարբերակը, եւ խորհուրդ տվեց զգուշություն ցուցաբերել հրապարակումներում:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն հաղորդագրությունը, թե ինքը Բաքվում բացառել է Ղարաբաղի մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին:

Երեկ Երեւանում նրանք հանդիպել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Համանախագահները հույս են հայտնել, որ հոկտեմբերի 4-ին կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ուղեկցող՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տեղեկացրել է, թե համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման համար` քննարկելու հակամարտության գոտում հրադադարի ամրապնդման հարցը:


Հովհաննես Շողիկյան