Հայաստանի նոր օրհներգի ընտրության հանձնաժողովը այս շաբաթ կհրապարակի իր որոշումը

Հայաստանի Հանրապետության նոր օրհներգի ընտրության համար ստեղծված մրցութային հանձնաժողովը այս շաբաթ վերջապես կհրապարակի իր որոշումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար, մրցութային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Պողոսյանը՝ նիստի հետաձգումը բացատրելով նրանով, որ հանձնաժողովը դեռ շարունակում է արձագանքներ ստանալ մրցույթի երկրորդ փուլ անցած օրհներգի 5 տարբերակների վերաբերյալ:

«Որպեսզի գոնե մինի-հանրաքվեի տարբերակ ունենանք, որպեսզի մեր որոշումը ավելի հստակ կարողանանք կայացնել, մենք առայժմ հավաքում ենք արձագանքները, քանի դեռ դրանք կան»,- ասաց նախարարը: - «Բայց մինչեւ շաբաթվա վերջ, կարծում եմ, վերջնական որոշումը արդեն կունենանք»:

Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ ստացված կարծիքները եւ արձագանքները ավելի շատ գործող օրհներգի եւ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա գրված նոր տարբերակի օգտին են:

Չնայած գործող օրհներգը մրցույթի երկրորդ փուլ չի անցել, սակայն, ինչպես նշեց նախարարը, դրա վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն կա խորհրդարանում, եւ այդ օրինագիծը նույնպես դրվելու է շրջանառության մեջ:

«Ուղղորդում չի եղել, այսինքն, ինչ որ ստանանք, կարծում եմ, առավելագույն օբյեկտիվության չափորոշիչներով կստանանք», - վստահեցրեց Հասմիկ Պողոսյանը:


Գայանե Դանիելյան