Ազգային ժողովը չհաստատեց սեփականության օտարմանը վերաբերող օրինագիծը

Ազգային ժողովի` չորեքշաբթի օրը շարունակվող արտահերթ նիստում պատգամավորները քվեարկությամբ մերժեցին «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման» մասին օրենքի նախագիծը: Այն ստացավ ընդամենը 62 կողմ ձայն: Օրինագծի հաստատման համար պակասեց 4 ձայն:

Փաստորեն, քվեարկությանը չմասնակցած ընդդիմադիր «Արդարություն», «Ազգային միաբանություն», ինչպես նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունները կարողացան արգելափակել օրենքի նախագծի հաստատումը:

Դատելով խորհրդարանականների ելույթներից, չի բացառվում, որ հասարակական եւ քաղաքական շրջանակներում բուռն դժգոհությունների առարկա դարձած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւս արժանանա նախորդ փաստաթղթի ճակատագրին:

«Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանը «հակասահմանադրական», «հանցագործ օրենք» որակեց այն:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանի բնորոշմամբ եւս, օրինագծում տեղ գտած բոլոր փոփոխությունները, բացի հանձնաժողովի ձեւավորման դրույթից, որեւէ կերպ չեն բխում Սահմանադրության պահանջներից: Ի տարբերություն Արշակ Սադոյանի, Մանուկյանն ավելի հիմնավոր ներկայացրեց իրենց տեսակետը: Դաշնակցությունը մտահոգ է նաեւ այն խնդրով, որ քննարկումներ չեն եղել ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

«ՀՅԴ խմբակցությունը առաջարկում է կառավարությանը այս օրենքը հանել քննարկումից, վերադարձնել լրամշակման», - ասաց Մանուկյանը:

Օրինագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, թեեւ համամիտ չէր ամբիոնից հնչած քննադատական մոտեցումներին, պատրաստակամություն հայտնեց քննարկել բոլոր առաջարկներն ու հիմնավորումները: Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ փաստաթղթից կհանվեն այն կետերը, որոնք վերաբերում են Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման հեռարձակման սահմանափակումներին: Նախարարը եւս հորդորեց, որ փաստաթուղթը, այնուամենայնիվ, դրվի քվեարկության:

Օրինագիծը, հավանաբար, քվեարկության կդրվի այսօր:


Հովհաննես Շողիկյան