Վարդան Օսկանյան. «Ճանապարհը, որն ընտրել է Լեռնային Ղարաբաղը, անշրջելի է»

Ճանապարհը, որն ընտրել է Լեռնային Ղարաբաղն իր համար այս երկու տասնամյակների ընթացում, անշրջելի է՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, այս գիշեր ելույթ ունենալով ՄԱԿ-֊ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Վարդան Օսկանյանի վկայությամբ՝ դրանով Ղարաբաղին հաջողվել է ապահովել իր ինքնապաշտպանությունը, իր ինքնակառավարման մեխանիզմն ստեղծել եւ վերահսկել իր սահմաններն ու տնտեսությունը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Վարդան Օսկանյանը շեշտել է, որ ջանքերը՝ ուղղված տարածքային ամբողջականությունը բոլոր մյուս սկզբունքներից գերադասելուն, արդեն իսկ ընթացք են ստացել՝ «հատկապես այս սրահում». - «Բայց սա հակասում է պատմության դասերին: Հելսինկիի եզրափակիչ ակտը ինքնորոշման իրավունքը հավասար հիմքերի վրա է դիտարկում մյուս իրավունքների հետ: Միջազգային հարաբերություններում, ինչպես մարդկային հարաբերություններում, չկան բացարձակ իրավունքներ»:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց ընտրություն է կատարել ներկայացված չլինելու Ադրբեջանի կառավարության կողմից: Նրանք պետական բռնության զոհ են եղել, պաշտպանել են իրենց եւ հաջողության հասել հակառակ ամեն ինչի»,֊ - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Օսկանյանի համոզմամբ, Ադրբեջանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու ապագան ապահովելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու բարոյական իրավունքն անգամ:

Ըստ Վարդան Օսկանյանի, մերժելով ղարաբաղյան խնդրի լուծման նախորդ երկու փոխզիջումային առաջարկները, որոնք ներկայացվել են վերջին 8 տարիների ընթացքում, Ադրբեջանը չի ուզում կրել այսօր սեղանի վրա դրված խաղաղության հաստատման ծրագիրը մերժած լինելու մեղադրանքը, եւ այդ իսկ պատճառով «օգտագործում է հնարավոր բոլոր միջոցները՝ պետական բռնություններից մինչեւ միջազգային խուսանավում, փորձելու ստիպել, որպեսզի այն մերժվի հայերի կողմից»:

Սակայն, նախարարի խոսքերով, «Հայաստանը հստակ է արտահայտվել. մենք համաձայնել ենք այսօր սեղանի վրա դրված փաստաթղթի յուրաքանչյուր հիմնարար սկզբունքի հետ»:

Օսկանյանի համոզմամբ, «Ադրբեջանը չի կարող մտածել կամ ձեւ անել, թե մտածում է, որ դեռեւս ռազմական տարբերակ ունի ձեռքի տակ»:

«Չկա’ այդպիսի տարբերակ: Ռազմական տարբերակը փորձված ու ձախողված տարբերակ է: Փոխզիջումն ու իրատեսությունն են միակ իրական տարբերակները», - եզրակացրել է նա:


Հրաչ Մելքումյան, Պրահա